«Տեսեք սրանց ցինիզմը, գրում են՝ Կանադայի քաղաքացի Բագրատ Վազգեն Գալստանյանը, այսքան ցինիկ են․․․»,-այսօր Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձավ իշխանական լրատվամիջոցներից մեկում իր մասին գրած նյութին։
«Այս ողորմելի օրգանը, ինքնություն չունեցող՝ իրենց տերերով հանդերձ, ուղիղ ասում եմ՝ դուք մարդասպաններ եք, դուք մարդ չեք։ Ինձ վերագրել են, որ ես ուսանողներին ասել եմ «ողորմելի խամաճիկներ»։ Ուսանողներ, ես ձեզ այդպիսի բա՞ն եմ ասել»։ «Ոչ, ոչ»,-արձագանքեցին հրապարակում հավաքվածները։
Բագրատ սրբազանը շարունակեց․ «Բա էս տականքները, կներեք այս բառերն օգտագործելու համար, այս մարդասպաններն ինչո՞ւ են այսպես ասում։ Ես ասել եմ՝ ուսումնական հաստատություններին՝ այս դռները փակելով, ուսանողներին ահաբեկելով՝ դուք ոչ թե մարդ եք պատրաստում, այլ ողորմելի խամաճիկներ եք ուզում պատրաստել։ Սա եմ ասել»։
Սրբազանն ասաց, որ իշխանություններն իրենց լրատվամիջոցներով ինչ հնարավոր եւ անհնար սուտ կա, ասում են իր մասին․ «Ամոթ էլ չունեն։ Սրանց համար երեւի նոր մակարդակով, նոր էտապով դժոխք է ստեղծվելու։ Սովորական դժոխքում չեն էլ հայտնվելու, չգիտեմ՝ ինչ է լինելու սրանց վերջը։ Մարդասպան են, մարդուն սպանում են, պրոֆիլ են ստեղծում, զրկում են ինքնությունից, ասում են՝ հիմա ինչ-որ բան գրի ինչ որ մեկի մասին, եւ իրենց էդ օրգանները․․․ ծառայող են սրան, նրան, փող կտան՝ կգրեն, փող չեն տա՝ չտվողների դեմ կգրեն»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը անհնազանդության ցույցեր էր իրականացնում։ Շարժումը սկսվեց Տավուշի մարզի Կիրանց համայնքում, պահանջը՝ սահմանազատման գործընթացի կասեցում։ Սակայն երեկ երեկոյան Բագրատ սրբազանը նոր պահանջ ներկայացրեց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է նախատեսվում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ