Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքի մոտ իր ելույթում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վարչապետ լինելու հավակնություն չունի եւ որ ինքը երկքաղաքացի է։
«Վարդան Օսկանյանը կարծիք է հայտնել, որ այս շարժման վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Ես նախապես ասեմ, որ ոչ այդպիսի հավակնություն ունեցել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Եվ միեւնույն ժամանակ, ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել։ Ես Հայաստանի ու Կանադայի քաղաքացի եմ։ Անշուշտ, Կանադայի անձնագիրն ինձ տրվել է այն ժամանակ, երբ ես ծառայության մեջ եմ եղել Կանադայում 10 տարի։ Ես 11 տարի է՝ արդեն գտնվում եմ ՀՀ-ում, ամենադժվար վայրերում, եւ լուրը դուրս չեկած, «Հայկական ժամանակ» մի հատ դեղին թերթ կա, երկու լուր է տարածել։ Մեկը, որը «Հայկական ժամանակը» տեղյակ է, որ քրեական վարույթ են իրականացնում, որի մասին ես տեղյակ չեմ, բայց իրենք տեղյակ են։ Այսինքն՝ պետությունը տեսեք ոնց է գործում, թերթի միջոցով, ուրիշ կերպ չկա, ինստիտուտը քայքայված, ոչնչացված է, իրենց մամլո օրգանի միջոցով է գործով։
Երկրորդը, անմիջապես արձագանքել են՝ Բագրատ Սրբազանն իրավունք չունի, նա երկքաղաքացի է։ Ուռա, չէ, կեցցե։ Ի՞նչ եք խառնվել իրար, Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հարցին, այսինքն՝ ընդհանրապես բացառո՞ւմ է, որ կքննարկվի իր թեկնածությունը, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Շանս շատ կա, ժողովուրդը կուզենա, այդպես էլ կլինի, բայց ես սկզբունքով ցանկություն ու հավակնություն չունեմ։ Աստված ինչ կորոշի, ժողովուրդն էլ կասի, ինձ մի տարեք այդ դաշտ։ Իրենք են ձգտում այդ պաշտոնին, մի հոգի ասում էր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե ժողովուրդը ցանկանա, որ ինքը լինի վարչապետ, ի՞նչ որոշում կընդունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա, եւ դա լինի Աստծո կամքը, Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Բայց իմ կռիվը վարչապետ դառնալու կռիվ չէ, հենց հիմա ավելի բարձր է իմ կոչումը, քան վարչապետի աթոռն է, դա նշանակում է մի քանի աստիճան դեգրադացիայի ենթարկվել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ