«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացան նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։ Բուհի դասախոս, դերասան Դավիթ Հակոբյանն իր ելույթում ասաց․ «Մեզ կարող են անդադար մեղադրել, որ չի կարելի դասերը ձախողել, չի կարելի դասերից բացակայել, բայց եթե մի քիչ լուրջ վերաբերվեք պատմությանը եւ պատմությունը լավ ուսումնասիրեք, բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա։ Այնպես որ, Աստված օգնական եւ պահապան ձեզ, երբեք ուշ չէ ինչ-որ լավ բան անել։ Ազնիվ եղեք ինքներդ ձեր խղճի հետ»։
Դավիթ Հակոբյանը հավելեց․ «Հիմա նաեւ մեղադրում են, որ շարժումը ղեկավարում է Եկեղեցին, եկեղեցականը, սրբազանը։ Ասում են՝ ի՞նչ գործ ունի եկեղեցին պետականության, չգիտեմ ինչի հետ։ Ես պարզապես մի բան հիշեցնեմ ձեզ՝ եթե այսօր Ռուսաստանը եւ էլի շատ-շատ պետություններ կան, պարտական են եկեղեցուն։ Եթե չլիներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը․․․ Սարդարապատի մոտ մեր ռազմական ղեկավարությունը նրան առաջարկեց նահանջել, գնալ Սեւան, կաթողիկոսը մնաց նույն տեղում ու կոչ արեց պայքարել ու թույլ չտալ, որպեսզի թուրքը մտնի սրբավայր։ Այնպես որ, մի տրվեք կեղծ գաղափարախոսությանը։ Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես պարոն Ալեն Սիմոնյանը 2018 թվականի շարժման ժամանակ իր հպարտությունն էր հայտնում, որ Եկեղեցին միացել է իրենց։ Բայց այսօր քննադատում է այդ Եկեղեցուն, որը միացել է շարժմանը»։
Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ սա կուսակցական շարժում չէ․ «Ես միայն հպարտ կլինեմ, եթե բոլոր կուսակցությունները, թողնելով մի կողմ նեղ միասնականությունն իրենց գաղափարի շուրջ, համախմբվեն։ Այսօր կարեւորը հավաքականությունն է, կարծում եմ՝ Չարենցը գիտեր միասնական բառը, բայց գրում էր՝ մեր ուժը մեր հավաքականության մեջ է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ