Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկտորն այստեղ է եղել, հենց ներս ենք մտել, ճողոպրել է»․ Գառնիկ Դանիելյան

Մայիս 10,2024 13:59

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մուտք գործեցին Բրյուսովի անվան պետական համալսարան։ Մինչ այդ բուհի ռեկտորը տեղում էր, բայց շարժման անդամներին ասացին, որ նա շենքում չէ։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պահանջեց, որ բուհի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը գա եւ իրենց բացատրություն տա, թե ինչո՞ւ էին փակել շենքի դռները եւ թույլ չէին տալիս, որպեսզի ուսանողները դուրս գային։

«Ռեկտորն ո՞ւր է, բա որ ռեկտորն այստեղ չէ, ո՞վ էր փակել դուռը։ Ես ԱԺ պատգամավոր եմ, ռեկտորին զանգեք, ասեք, թող գա։ Կասեք թող գա, տեսնեմ՝ ի՞նչ իրավունք ունեն, որ դռները փակել են, ուսանողներին չեն թողնում դուրս գալ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Ուսանողներից մեկն ասաց, որ փողոց փակելու համար իրենց սպառնացել են, նկարել ու զգուշացրել՝ դեռ փոշմանելու եք ձեր արածի համար․ «Եվ մեր վրա դուռ են փակել, չեն թողել, որ մեր սեփական համալսարան ոտք դնենք, ուսանողներին ասել են, որ նստեն համալսարանում, դուրս չգան, քանի որ ինչ-որ ստուգումներ են լինելու»։

Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Եթե որեւիցե մեկը կհամարձակվի ուսանողին սպառնալ՝ հանրահավաքներին մասնակցելու կամ իր դիրքորոշման համար, այդ բոլոր մարդիկ ենթարկվելու են պատասխանատվության։ Սրանք ապօրինի գործողություններ են, բոլորը կրելու են իրենց պատասխանատվությունը։ Եվ ֆիքսենք, որ ռեկտորն այստեղ չէ, այստեղ է եղել, հենց ներս ենք մտել, ճողոպրել է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031