Բուհերի ուսանողները՝ Հայաստանի եւ Արցախի դրոշներով եկան Հանրապետության հրապարակ՝ միանալու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Շարժման առաջնորդ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուսանողներից հետաքրքրվեց՝ համալսարանում դասադո՞ւլ է․ «Դասի գնացած մարդ կա՞ համալսարանում, հիմա համալսարանը ձեր ասելով՝ չի գործո՞ւմ»։ Ուսանողները պատասխանեցին, որ դասերի չեն հաճախել։
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ գործողությունները սկսում են․ «Գործողությունների ընթացքը սկսում ենք, կարող է լինել խումբ-խումբ, կարող է լինել պատասխանատուներով, կարող ենք միասին հենց հիմա այցելել։ Կոչ եմ անում մեր ժողովրդին այս պահից ՀՀ տարածքում սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ։ Նախ ես ուզում էի առավոտյան այցելել մեր բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են՝ դասերը դադարեցնելու առումով։ Եվ բոլորին նորից կոչ եմ անում՝ թե մարզերի ժողովրդին, թե երեւանաբնակ, ուղղակիորեն մենք պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության եւ անհամաձայնության խաղաղ գործողություններ կատարենք, որպեսզի այն պահանջը, որը երեկ ձեւակերպել եք դուք այստեղ, իրականացնենք։ Հիմա որոշակի խորհրդակցություն իրականացնելուց հետո այստեղից շարժվելու ենք դեպի ԵՊՀ՝ շատ հանդարտ, հանգիստ, խաղաղ, միահամուռ, առանց երկմտելու»։
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երեկոյան 18։30-ից սկսած դարձյալ հավաքվելու են Հանրապետության հրապարակում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ