Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի մոտ արթնության զգացումը կա, այս բոլորը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ․ սա դեռ սկիզբն է»․ Բագրատ Սրբազան

Մայիս 10,2024 10:59

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին լրագրողները հարցրին՝ երեկվա հանրահավաքից հետո իշխանությունները փորձե՞լ են իր հետ կապ հաստատել եւ փորձել հետ պահել իրեն։ «Հեռախոսս ինձ մոտ չի եղել»,- պատասխանեց Բագրատը Սրբազանը՝ հավելելով, որ այլ մեթոդներով եւս չեն փորձել կապվել իր հետ։

Հարցին, թե ովքե՞ր են այցելել իրեն գիշերը, նա հումորով պատասխանեց․ «Ռոբերտ Քոչարյանը»։ Դիտարկմանը, որ մարդիկ միգուցե չընկալեն, որ սա հումոր էր, նա պատասխանեց․«Եթե այդքան խելք ունենան, կիմանան ինչ եմ ասում»։

Այնուհետեւ նա հավելեց․ «Ովքե՞ր այցելեցին ինձ գիշերը, ժողովուրդը, այնտեղ հավաքված մոտ 2-3 հազար, եթե ոչ ավելի, մարդիկ, որոնց խնդրելով-աղաչելով հազիվ տուն եմ ճամփել, որ գնացեք հանգստացեք, կհանդիպենք»։

Բագրատ Սրբազանը նշեց, որ երեկ տեղի ունեցածը շատ ուժեղ ազդակ ու ուղերձ էր, որ մեր ժողովուրդը որոշակի իմաստով պատրաստ է ազատագրվելու այս ստի ու կեղծիքի, չարիքի իշխանությունից։ «Մեր օրակարգը տարբեր էր, քայլերի հերթականությունը տարբեր էին, պահանջները տարբեր են, բայց երեկ ժողովուրդն ինքը ստիպեց, որպեսզի իրենց ուղերձը ձեւակերպվի մեր կողմից։ Այս հրապարակը դուք տեսաք, ըստ տվյալների՝ 120-130 հազար, եթե ոչ ավելի մարդ կար։ Ժողովրդի մոտ արթնության զգացումը կա, այս բոլորը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ։ Եվ վստահ եմ, որ քաղաքական ներկապնակում գտնվող մեր քաղաքական ուժերն ի վերջո համախոհությամբ որոշակի քայլերի ձեռնարկումով կիրականացնեն այն, ինչը ժողովրդի փափագն է։ Այս ժողովուրդը ցանկանում է դա, մենք երեկ դա տեսել ենք։ Մենք բերել հասցրել ենք այն աստիճանի՝ ցույց տալու համար իրականությունը, եւ ժողովուրդը գնահատանքը տվել է։ Այս մարդիկ այնքան սնանկ են գաղափարապես, որ ոչ մի բան այլեւս չունեն ասելու, ոչ մի բանական ողջամիտ արտահայտություն չունի։ Իրենց մտահոգություններն ուղիղ համեմատական են, հավասարազոր են Ադրբեջանի մտահոգությունների հետ։ Ես մեր ժողովրդին ուզում եմ ասել՝ հուսախաբվելու, հիասթափվելու պատճառ չկա, երեկ ամեն ինչի սկիզբն էր, որը քայլ առ քայլ իր գործընթացներով կհասնի ցանկալի հանգրվանի, համոզված եմ»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաեւ Հանրապետության հրապարակում կենտրոնացած ոստիկանական մեծ ուժերին․ «Ի՞նչ պետք է անեն ոստիկանները, պիտի գան մարդկանց ջարդեն-փշրե՞ն, ապօրինությո՞ւն գործեն։ Սա ճշմարտության համար պայքար է, ուզում են 5 մլն ոստիկան բերեն, տասնյակ հազարավոր տարբեր զորքեր բերեն, դրսից բերեն, ներսից բերեն, կապ չունի, սա ճշմարտության համար պայքար է, ուղիղ պետք է հասնի տեղ, ուրիշ ճանապարհ չկա։ Ամբողջ դաշտում միայն հայհոյանք է, թշնամանք է, ատելություն է, գլուխ ջարդելու, բորդյուր լիզեցնելու, ասֆալտ ուտեցնելու մասին է։ Այսպիսի հարաբերություններով չի կարող երկիրն ապրել, սա անկարելի բան է։ Հետեւաբար, հաշտությունը երբեք չի ենթադրում ոչ արդարադատություն եւ արդարություն, նախ պետք է Աստծո հետ հաշտվել, երկրորդ, որպեսզի այդ ճանապարհով գոյանա լայն հասարակական հաշտություն, միախոհություն։ Այս մարդիկ ուղղակի պատճառ են այդ քաոսի ստեղծման եւ դրա համար պետք է հեռանան մեջտեղից»։

Բագրատ Սրբազանը մոտեցել է եւ շփվում է գիշերը Հանրապետության հրապարակում գիշերած քաղաքացիների հետ։ Նա ասաց, որ մարդկանց հետ կխորհրդակցեն, հետագա անեիքները կորոշեն․ «Ես գնալու եմ, պտտվելու եմ քաղաքում, այցելելու եմ տարբեր տեղեր, երիտասարդների, ուսանողների եմ հանդիպելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031