Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի ծոցից ելածից» մինչեւ «հողատու»

Մայիս 10,2024 09:00

2018 թվականից հետո Հայաստանը սկսեց ղեկավարել «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս հայ հասարակությունը մինչև 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմն անվանում էր՝ «ժողովրդի ծոցից դուրս եկած», «սիրելի վարչապետ»։

Կառավարելով 2018-2020 թվականներին` Փաշինյանը հանձն առավ պատժել նախկին քաղաքական վերնախավին, մասնավորապես, նոր ընթացք տալ մարտի 1-ի արյունալի դեպքերի քննությանը: Ամեն բան, կարծես թե, լավ էր ընթանում, ժողովրդի մեծ մասը, բացառությամբ ընդդիմության համակիրների և հասարակության որոշ շերտերի, սիրում էին նորանշանական ղեկավարին ու գորովալից խոսքերով նկարագրում նրան։

Թերևս, մինչև արցախյան երկրորդ պատերազմը, Փաշինյանը համարվում էր ժողովրդավարության սիմվոլ ու ջատագով, սակայն ամեն ինչ կտրուկ փոխվեց ու գլխի վայր շուռ եկավ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։

Պատերազմի շրջանում Նիկոլ Փաշինյանը շարունակում էր բարենպաստ դիրքում մնալ, քանի որ «հաղթելու ենք» և «հաղթում ենք» արտահայտությունները, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, հնչեցվում էին երկրի ղեկավարի պահանջով ՊՆ խոսնակի բերանից, թվում էին միանգամայն տեղին։ Ավելի ուշ, երբ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը նոյեմբերի 9-ին փաստացի ընդունեց պարտությունը, իսկ հետո հայտարարեց, որ Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր, վերաբերմունքը սկսեց փոխվել:

2020 թվականի պատերազմից հետո հեղափոխության առաջնորդն ուներ նոր անվանում, ժողովուրդը նրան պիտակավորեց դավաճան և հողատու բառերով։ 2021 թվականի ամռանը երկրի ղեկավարի արտահերթ ընտրություններ տեղի ունեցան, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետի պաշտոնում՝ շարունակելով հասարակության մի մասի աչքին մնալ «սիրելի վարչապետ»-ի դերում, սակայն դրանից հետո վիճակն էլ ավելի վատթարացավ:

2022 թվականի վերջին ամիսներին սկսվեց մի նոր աղետ, այս անգամ Արցախ աշխարհում։ Ադրբեջանական կեղծ «էկոակտիվիստները» փակեցին Հայաստան-Արցախ կենսական նշանակություն ունեցող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախահայությունը շուրջ 9 ամիս մնաց բլոկադայի մեջ, որի վերջնարդյունքն ավելի աղետալի էր․ իրողություն, որը յուրաքանչյուր հայ չէր ուզի տեսնել անգամ իր ամենավատ երազում։

2023 թվական, կրկին սեպտեմբեր, սեպտեմբերի 19։ Արցախն ընկավ։ Հայաստանը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ձեռքերը լվաց արցախյան հարցից։ Մոտ մեկ օր տևած մարտական գործողություններից հետո ադրբեջանական բանակն արդեն Ստեփանակերտում էր:

Արդյունքում Արցախի Հանրապետությունը հայաթափվեց, հանձվեց Ադրբեջանին, դարձավ նրա տարածքային ամբողջականության մասը, ինչպես 2022 նոյեմբերին Պրահայում հայտարարում էր Հայաստանի վարչապետը:

Այսօր վարչապետ Փաշինյանը սեղանին է դնում պատմական Հայաստանից և Արարատ լեռից հրաժարվելու հարցը, որը, ի դեպ, Ալիևի հերթական պահանջներից մեկն է։ Սրան զուգահեռ, հայ-ադրբեջանական «սահմանազատման» հարցը լուծվում է օգուտ Ադրբեջանի։ «Ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետն Ադրբեջանի հետ եկավ համաձայնության, ըստ որի, Տավուշի սահմանամերձ տարածքները, որոնք ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեն, անցնում են ադրբեջանական կողմին, ինչի դիմաց Հայաստանը, ոչինչ չի ստանում։ Խոսակցություններ կան նաև Գեղարքունիքի մարզի և Վարդենիսի որոշ շրջանների «սահմանազատման» մասին։

Որպես ամփոփում. Նիկոլ Փաշինյանը 2018-2024 թվականների ընթացքում, «ժողովրդի ծոցից ելած սիրելի վարչապետ», «ժողովրդավար ղեկավար», «ամենալավ վարչապետ», «դուխով վարչապետ» ու նման գորովալից արտահայտություններից հասավ մինչև «դավաճան», «հողատու», «կապիտուլյանտ» ու նման այլ պիտակավորումների։

 

Նատալի Մկրտչյան

Լուսանկարը՝ «Ակն ընդ ականի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031