Երիտասարդ տարիներից Սահակ Սահակյանը հայության սիրելի երգիչն էր, դեռ խորհրդային տարիներին։ Ազգագրական ու ռազմահայրենասիրական երգերը հատկապես ոգևորիչ էին Արցախյան շարժման ու գոյամարտի տարիներին։ Անհնար էր առանց ոգևորության լսել Սահակի երգը ու չհպարտանալ՝ ազգն այդպիսի զավակ ունի։ Ապրիլի 27-ին 73 տարեկան հասակում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Սահակը։ Մինչ այդ՝ նախատեսած էր՝ մայիսի 7-ին կայանար նրա՝ «Ազգային զարթոնքի շեփորահարը» խորագրով համերգը։
Ու կայացավ՝ կայացավ արդեն Սահակի հոգևոր ներկայությամբ՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնի դահլիճում։ Այստեղ Սահակ Սահակյան երգչի երկրպագուներն էին, նրա հարազատներն ու մտերիմները, ընկերները։ Համերգի հաղորդավար, արտիստ Արսեն Ղազարյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց Սահակ Սահակյան երգչի դերը մեր ազգային մշակույթում։
«1988 թվականին հրապարակում մեր ժողովուրդը ոգեշնչվում էր Սահակ Սահակյանի երգերի ներքո: Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։ Նրա երգերով թրծված Հայոց Ազատամարտի պատմությունը սերնդեսերունդ պիտի կռի ու կոփի Հայի Նոր Որգին․․․Նա կազմել և հրատարակել էր հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։», -ասաց Ա․ Ղազարյանը։
Կարդացեք նաև
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Շահե Հայրապետյանը Տերունական աղոթքով սկսեց ելույթը՝ մաղթելով բարին։ Էկրանին Սահակի մեծադիր նկարն էր, որին հաճախ փոխարինում էին նրա կատարումները տարբեր տարիների համերգներից։ Նրա կողմից հնչեցրած ու այլ երգերի կատարումներով բեմ բարձրացան ճանաչված երգիչներ։
Երգչի մտերիմներից գրող Վրեժ Սարուխանյանը ներկայացրեց Սահակին․ «Անմահների արածն այն է, որ իրենց մահը կյանքի տրամաբանական շարունակությունն է։ Այդ անմահներից է Սահակ Սահակյանը, ում հոգին արդեն այնտեղ է, որտեղ են Մգրոն, Գինոսյան Գագիկն է, Մակիչն է և մնացած մեծերը՝ երգի արքաները։ Եվ այնտեղից նրանք մեզ հրամայում են․․․ իսկ Սահակը երգում է․ «Հիմի էլ լռենք, եղբայր․․․»։ Ցավոք, լռեց Սահակը, բայց նրա ձայնը միշտ լսելու ենք»։
Անդրադարձավ նաև համերգի կայացմանը՝ նշելով կազմակերպիչներից Ռուզաննա Սահակյանն իրեն կանչել է Սահակի մոտ։ Զրուցել են կազմակերպչական հարցերով, և Սահակն ասել է՝ համերգը հնարավոր է կդառնա հրաժեշտի երեկո։ Ու այդպես եղավ։ «Սահակը դառնացած գնաց, բայց ժողովուրդը գնահատեց ու սիրեց իր երգչին», -հավելեց Վ․ Սարուխանյանը տեղեկացնելով նաև՝ Սահակի հայրը՝ աշուղ Դվալի Մկրտիչը ստալինյան ռեպրեսիաների տարիներին աքսորվել է, տուն վերադարձել 4-ամյա Սահակի հետ։
Երգչի մասին հուշեր պատմեց նրա ընկերներից Գագիկ Հախվերդյանը՝ նշելով՝ Սահակը մեզ հետ է մշտապես իր երգերով։ «Հայ երգը Սահակ Սահակյանի համար հային հայ պահելու միջոց էր, քաղաքականություն էր ու կյանքի առաքելություն», -իր խոսքում ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը և իրենց կառույցի կողմից Սահակի մրցանակը հանձնեց թոռանը՝ երգիչ Վարդան Սահակյանին, ով հրաշալի կատարեց Ավետիս Ահարոնյանի խոսքերով գրված «Գարահիսար» (Պետոյի հիշատակին) երգը։
Ժեռոտ լեռան լերկ կատարից
Վա՛ր սլացիր, սեգ արծիվ,
Թևերդ բաց, լայն թևերդ,
Ու ջիվանուն հո՛վ արա:
ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյաննը, ով Սահակի հետ աշխատել է, 1989թ․ հիմնել են «Գանձասար» երգի պարի համույթը, բարձր գնահատեց ընկերոջ դերը հայ երգարվեստի զարգացման գործում։ Հիշեց՝ ինչպես են միասին աշխատել Գուսան Հայկազունու «Գետաշեն» երգի վրա։ Էկրանին Սահակի կողմից հնչեց նաև այդ երգը։ «Սահակ Սահակյանը նշանավոր դասական աշուղ Դվալի Մկրտիչի որդին է, դարձյալ պատահականություն չէ, որ ես ու Սահակը մեր նախնիներով միևնույն՝ Ալաշկերտի Մոլեսման գյուղից ենք։ Միմյանց հանդեպ հարազատություն էինք զգում։ Նա ոչ միայն աշուղական երգերի, ազգային-հայրենասիրական երգերի մեծ մեկնաբան էր, այլև տիրապետում էր մեր ազգային ֆոլկլորին»,-ասաց Թ․ Պողոսյանը։
Ռազմահայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան նաև երգիչներ Արսեն Գրիգորյանները, Դավիթ Ամալյանը, Սամվել Գալստյանը, մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչներ Երվանդ Թորոսյանը, հայ աշուղ Ռազմար Սասունցին։ «Հայակերտում» երգը ներկայացրեց Կարեն Մշեցին, այլոք։ Բոլորն էլ նշեցին՝ Սահակն իրենց համար եղել է ուսուցիչ։ Պարային ու երգերի կատարումներով ներկաներին ոգևորեցին նաև «Մարաթուկ»-ը, «Սասնա ծռեր» ազգագրական համույթը, «Նուբար» ավանդական երգ ու պարի համույթը, այլ խմբեր։ Ընթացքում էկրանից հանդես եկավ նաև երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանը, որից հետո բեմ բարձրացավ նրա հիմնադրած «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը։ Համերգին ներկա էր նաև ռազմական ֆիլմերի հեղինակ-ռեժիսոր Սամվել Թադևոսյանը, ում նկարահանած «Գինի լի՛ց» հոլովակը մեծ ոգևորության առաջացրեց դահլիճում։ Զրույցի ընթացքում Ս․ Թադևոսյանն ասաց․ «Սահակը հեղափոխություն բերեց մեր հեղափոխական երգերի կատարման մեջ»։ Համերգը եզրափակվեց Սահակի վերջին «Իմ երգը» երգով, որը հրաշալի կատարեց Մուրադ Մշեցին։
Երգս՝ Անտունի, Էրգիր ու կարոտ,
Խարխլված սյուն է, կոտրված գերան,
Երգս՝ Էրգրականչ, կռունկ ու արոտ,
Ծիրանի ծառ է ու Դլե յաման։
Զրուցեցի համերգի կազմակերպիչ, Սահակ Սահակյանի մտերիմներից Ռուզաննա Սահակյանի հետ։ Ասաց՝ Սահակի կյանքի վերջին օրերին միշտ նրա կողքին են եղել։ Սահակը պատգամել է, որ համերգն անպայման կայանա։ Իսկ իր երգերը պետք է մշտապես ուղեկցեն մեր ժողովրդին։
Զոհրաբ Ըռքոյան