Վաղվանից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անցկացնելու: Հանրապետության հրապարակում այսօր հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Դիմում եմ բոլոր բուհերին՝ դասադուլ անելու համար, բոլոր այն գործարաններին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում եւ բոլորին առանց որեւէ ագրեսիայի, մի քանի օր ընդամենը՝ 2-3 օր, մարզային մեր բոլոր ժողովրդին այս գիշերը հետ գնացեք եւ այնտեղ եւս գործողությունների շարքը սկսեք եւ ամբողջ հանրապետության տարածքում ճնշումը պետք է լինի, որ այս մարդիկ հասկանան: Ձեզ տեսնեմ ուսանողներ, վաղվանից բուհերը չեն աշխատելու, ժողովուրդ ջան, որեւէ մեկը ինքնագործունեությամբ չզբաղվի»,- հայտարարեց Սրբազանը:
Հրապարակ է եկել նաեւ բեռնատար մի մեքենա, Բագրատ Սրբազանը նկատեց, որ այդ մեքենայի վարորդը սադրում է, հրավիրեց ոստիկանների ուշադրությունը:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում թվարկեց իրենց անելիքների հաջորդականությունը։
«Ես այսօր գիշերը մնալու եմ, որքան պետք լինի, մնալու եմ, գիշերվա համար այստեղ որոշակի զբաղումներ կլինեն, ինչքան մարդ ցանկանում է մնալ, թող մնա, ովքեր ցանկանում են, թող հեռանան, գնան տները, բայց պայմանով, որ առավոտյան ժամը տասին այստեղ կլինեք ու կգնանք թեյ կամ կաթով սուրճ խմելու: Մեր ուզածը լինելու է, ես ձեզ խոստանում եմ, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր ամենաշատը: Առավել ժամանակ չկա, խոստանում եմ ձեզ, կոնկրետ գործողությունները կանենք, կոնկրետ արդյունքները կստանանք, միայն թե միասին պիտի անենք»,- ասաց Սրբազանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ