«Ես հիշում եմ, որ 6 տարի առաջ է այսքան մարդ հավաքվել Հանրապետության հրապարակում, այսքան բարի ու մարդիկ պատրաստ են ինչ-որ բան փոխել մեր երկրում: Այն ժամանակ հավատացինք, խաբվեցինք, հիմա Աստծով է: Ես վստահ եմ, որ չենք խաբվելու էս անգամ: Մեծ հույս ունեմ, որ հիմա Աստված է ուղղորդում ու պատահական չի, որ սրբազանն է առաջնորդում այս երթը»,- այսօր Հանրապետության հրապարակում«Տավուշը հանուն հայրենիքի» երթի հանրահավաքի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հարցին՝ մարդկանց քանակով կարո՞ղ է որոշվել հրաժարականի հարցը՝ նա պատասխանեց. «Իհարկե: Բա Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ քաղաքացիներն են որոշելու՝ ինքը կշարունակի՞ վարչապետ մնալ, թե՞ ոչ»: Հարցին՝ դուք հավատո՞ւմ եք Փաշինյանին՝ Թովմասյանը պատասխանեց. «Ես հավատում եմ հավաքական Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»:
Դիտարկմանը՝ տեսակետներ են հնչում, որ նա հրաժարական տվողը չէ, նրան պետք է մեկուսացնել աթոռից՝ Թագուհի Թովմասյանը արձագանքեց. «Գիտեք, ասում են՝ չկա չտվող մարդ, պետք է լավ պահանջես: Հիմա կախված է, թե պահանջն ինչպիսի ձեւակերպում կունենա եւ այդ պահանջների հետեւողականությունը ինչպիսին կլինի: Անհնար է չստացվի, որովհետեւ այսքան մարդու կամքը անհնար է արհամարհել: Այսքան մարդ է բերել, այնքան մարդն էլ պիտի տանի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ