Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանը իշխանականներին հորդորում է Սաղմոս 50-ը կարդալ՝ Ապաշխարության աղոթք անել ու հեռանալ. «Իշխանություննե՛ր, որոշո՛ւմ կայացրեք, թե ինչ եք անելու»

Մայիս 09,2024 19:33

Aravot.am-ը Բագրատ սրբազանին  հարցրեց՝ հրապարակում՝ կառավարության շենքի մոտ մի քանի շարքով զինված ձեզ են սպասում, ինչի՞ց են վախենում՝ նա պատասխանեց. «Ողջույններս իրենց, ես իրենց կգնամ, կօրհնեմ, հավատացեք»:

Հարցրեցինք՝ մեր տեղեկություններով՝ այս օրերին իշխանականները Աստվածաշունչն են կարդում ու Ծննդոցին են հասել, ո՞ր հատվածին խորհուրդ կտաք ուշադիր լինեն՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Սաղմոս 50-ը ծայրից ծայր կարդան, անգիր սովորեն»:

Հարցին՝ այն մարդիկ, որոնք փողոցով քայլելով եկել են իշխանության, անընդունելի են համարում այս շարժումը՝ նա պատասխանեց. «Սա հաշտության շարժում է, ինքնամաքրման, դրա անընդունելին ո՞րն է, ես չեմ հասկանում, միայն սատանայի համար է անընդունելի այս շարժումը չարի համար»:

Բագրատ սրբազանը հայտարարել էր. «Մինչեւ մենք քայլ առ քայլ հասնենք հրապարակ, իրենք պետք է որոշում կայացնեն: Իշխանություններ, ձեզ նորից եմ ասում՝ կոնկրետ որոշում կայացրեք, թե ինչ եք անելու»:

Հարցին՝ սպասո՞ւմ էիք, որ այսպիսի մոբիլիզացիա կլինի ձեր շուրջ՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Այսքան շատ չէ, բայց սպասում էի: Իմ շուրջի խնդիրը չի, այս մարդիկ անընդհատ թույն են ներշնչել, թշնամություն, ատելություն, անընդհատ փորձել են մարդկանց տարանջատել, ասել են՝ ժողովուրդը անտարբեր է, մեռած, էս ի՞նչ ժողովուրդ է, անզոր, վախկոտ,ամեն ինչ ասել են եւ հիմա ժողովուրդը դրա դիմաց է պոռթկում, հաշտություն է ուզում, սեր է ուզում, արարում է ուզում, ճշմարտություն է ուզում, հաղթանակ է ուզում»:

Հարցրեցինք՝ ձեզ ի՞նչ տեղեկություններ էին փոխանցել ԱԱԾ-ից, արդյոք սադրանքնե՞ր ե նախապատրաստում շարժման դեմ՝ նա պատասխանեց.«իրենց սադրանքները իրենց թող մնա, ԱԱԾ-ն էլ իրենց մնա, մեր տղերքն են բոլորը, բոլորին փչացրել են: Բոլոր մակարդակների վրա մարդուն փչացրել են: Մարդկանց մարդ լինելուց են զրկել, դարձրել են  պրոֆիլ, էն էլ կեղծ, այ սա են արել: Մեր տերը ասում է՝ որքան բազմանում է անօրենությունը, այնքան ցամաքում է սերը եւ հակառակը, որքան ցամաքում է սերը, այնքան բազմանում է անօրենությունը: Այս ժողովուրդը խե՞նթ է, որ դուրս է եկել փողոց: Ինչի՞ է դուրս եկել, մենք պարզապես մի չնչին գործիք, միջոց ենք, ուրիշ ոչ մի բան»:

Հարցրեցինք՝ այսքան հավաքված մարդիկ «նարկոբարոններ» ու «գործակալնե՞ր» են՝ սրբազանը պատասխանեց. «Իրենք գիտեն նարկոտիկների տեղն էլ, թմրանյութերի տեղն էլ, ընդ որում՝ ոչ թե գրամներով, այլ տոննաներով, իրենց օրոք է, որ աննախադեպ քանակի դպրոցականների շրջանում թմրանյութեր են տարածում: Եղբա՛յր, անվտանգությունը ոչնչացրել ես, բանակցային գործընթացում ոչնչացրել ես, ներքին սոցիալական, հասարակական կյանքում հարաբերությունները ոչնչացրել ես, սերունդների կյանքը փչացրել ես, դարձրել ես չգիտեմ ինչ, կրթական համակարգը ոչնչացրել ես, ի՞նչ ես արել, էս աղետը ինչո՞ւ ես բերել, որ ի՞նչ լինի, վերջում էլ մե»զ ասեք: Մեկը բերանը բացի, ասեք՝ կալանե՞ք»:

Փոխանցեցինք՝ ասում են՝ սահմանադրական կարգի դեմ ոտնձգություն եք անում՝ նա պատասխանեց. «Տո դուք սահմանադրություն պահած ունե՞ք մի օր, չէ՞ որ ժողովրդի իշխանություն է մեր երկրում, հիմա էս ժողովո՞ւրդը չի»:

 

Հարցին՝ իշխանականները, որոնց առաջնորդն իրեն Հիսուսի հետ էր համեմատում, ասում էր՝ մի 100 անգամ վերջին 5 տարում մեռել ու հարություն եմ առել, հիմա ձեզ մեղադրում են, թե՝ Աստծո անունը զուր տեղը մի տվեք, մեղք է՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Ես աղոթում եմ իրենց համար, իրենք մեղք են, մարդիկ են, որ մոլորված են»:

Նշենք, որ Սաղմոս 50-ը, որը Բագրատ սրբազանը հորդորում էր իշխանականներին կարդալ, Ապաշխարության աղոթքն է. «Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները: Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ: Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ, եւ մեղքերն իմ միշտ առջեւս են: Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ չարիք գործեցի քո առջեւ, որպէսզի արդար լինես քո խօսքերում, եւ յաղթող՝ քո դատաստանի մէջ: Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031