«2021-ին իշխող ուժը ժողովրդին խոստումներ է տվել իր ծրագրերում, որտեղ ոչ մի խոսք չկա այսպիսի սահմանազատման վերաբերյալ, դեռ խոստում կար ձեռք կտրելու, բայց մարդկանց այս վիճակին չմատնելու: Ընդամենը երկու ամիս առաջ գալ ու ասել, որ եթե չհամաձայնեք, պատերազմ կլինի, ահաբեկել այն ժողովրդին, որի քվեն մուրացել ու ստացել ես եւ դարձել ես ահաբեկիչ: Սա էլ բարոյական կողմը»,-այսօր Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում հայտարարեց սրբազանը:
Նա ասաց, որ այս շարժումը որակել են «չակնկալիքների պայքար»․«Որեւէ նյութական ակնկալիք չկա այս շարժման մեջ, կա միայն մեկ գաղափար՝ հայրենիք եւ պատիվ: Այն երկու արժեքը, որ մեզնից գողացել է սեփական կառավարությունը: Երկրորդ՝ մենք համոզված ենք ճշմարտության հաղթանակի մեջ: Սուտը մեր երկրում պետք է վերանա, ճշմարտությունը պետք է հաղթանակի ձեր միջոցով: 3-րդ, մենք եկել ենք լայն հասարակական հաշտության մտքով, թշնամությունը, ատելությունը, քաոսը… մարդիկ չեն վստահում իրար, ամեն տեղ է պառակտումը: Այս թշնամությունը ստի հետ քանդել է մեր տունը: Ատելությունը դարձել է ընդհանրական մշակույթ, մարդիկ զրկվել են մարդ լինելու կերպարից, հանդես են գալիս որպես պրոֆիլներ, որպես կեղծ երեւույթներ»:
Սրբազանի խոսքով՝ այսօր նայում են զոհվածների շիրիմներին ու ամաչում, մեր կոչումն է այդ տղաներին հայրենիք վերադարձնել, այն երազն ու հայրենիքը, որ իրենք ունեին իրենց մտքում․ «Մեր իղձերի եւ երազանքների հետեւից պետք է գնանք մենք՝ մաքրվելու, սրբվելու, ինքնամաքրվելու, ինքնաճանաչվելու, դառնալու Աստծո ժողովուրդ, ժառանգավոր ժողովուրդ, հավատարիմ ժողովուրդ, վերադառնալու մեր հզոր նկարագրին, հաղթող նկարագրին: Մեզ անընդհատ ասում էին՝ ժողովուրդը անտարբեր է, մեռած է, ստամոքսով է մտածում, հայրենիք չունի, անզոր է, թույլ, տկար ու վախկոտ է: Դո՞ւք եք այդ ժողովուրդը, ձեզ էին ասում ժողովուրդ ջան: Ահավասիկ, փաստում եք, թե ինչպիսին եք դուք: Մենք պետք է հրաժարվենք նաեւ հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնարհությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»։
Կարդացեք նաև
Ապա սրբազանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ասաց․«Առաջին անգամ եմ տալու իր անունը, Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու։ Պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել եւ քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլեւս Հայաստանի Հանրապետությունում որեւէ ձեւի իշխանություն չունեք։ Ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»։
Հանրահավաքի մասնակիցները ողջունեցին Բագրատ սրբազանի այս հայտարարությունն ու բացականչեցին՝ Նիկոլ-դավաճան, հեռացիր։
«Ինչպես ասում են Շամշադինում՝ The Show Must Go On: Մեր այս հրաշք ժողովուրդը, որը Հայաստան է ազատագրել, փաստեցին, որ հոգին հաղթել է դուխին»,-հայտարարեց սրբազանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ