«Վահե Ղազարյան, դադարեցրեք ապրօրինություններ գործելը»,-Երեւանում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» երթի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին դիմեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Աբովյանում ոստիկանները փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու միանան քայլերթին։
Բագրատ սրբազանն ասաց՝ եթե այս լուրերը ճիշտ են, ուրեմն ոստիկանությունն ապօրինություն է գործում․ «Ոստիկանական շարքեր կան, տարբեր դիմակներով են, այդ տղերքին, Վահե Ղազարյան, մի՛ փչացրեք, մենք ոչ ջրածնային, ոչ էլ ատոմային ռումբ ունենք, էդ տղաներին ՝ ոստիկաններին, մի՛ փչացրեք, արդեն բավարար չափով փչացրել եք, մի՛ արեք։ Դադարեցրե՛ք ցայտնոտի մեջ հայտնված ձեր գործողությունները»։
Նրա խոսքով՝ եթե որեւէ տեղ արգելափակում կամ խոչընդոտ կա մարդկանց տեղաշարժին, դա ապօրինություն է․ «Շուտափույթ լուծեք այդ հարցը։ Եթե չկա նման բան, ուրեմն ես ներողություն կխնդրեմ»։
Կարդացեք նաև
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» քայլերթը մեկնարկել է Կիրանցից, այսօր արդեն երթը հասել է Երեւան, որտեղ մեծ հանրահավաք է լինելու։ Քայլերթին միացել են քաղաքական ուժեր, հասարակական եւ քաղաքական գործիչներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ