«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին մասնակցում է նաեւ դերասանուհի Անաիս Սարդարյանը։
«Չենք ստացել մեր հարցերի պատասխանը, թե սահմանազատումն ի՞նչ քարտեզներով է լինելու»,- ասաց նա։
Անդրադառնալով Եկեղեցու ու այս շարժման դեմ իշխանությունների հայտարարություններին, Անաիս Սարդարյանն ասաց, որ իշխանությունները հոգեւորականներին տարբերակ չթողեցին։
«Անդադար եկեղեցուն փնովում են, վեց տարի է՝ իրենք կան, եւ վեց տարվա մեջ մենք եկեղեցու մասին ոչ մի անգամ իրենց կողմից եկեղեցու մասին դրական կարծիք չենք լսել։ Այսօր իշխանական պատգամավորները, որոնք նույնիսկ եկեղեցու տեղը չգիտեն, չգիտեն՝ եկեղեցու դուռը որ կողմից է, մտել գրում են՝ պատարագներ անելու փոխարեն դուք հիմա քայլում եք փողոցում։ Ջան, դու մի խոսիր, հա՞, կոնկրետ Դավոյան, դու անգամ չգիտես՝ պատարագն ինչ է, ուղղակի լսել ես, որ ըտենց բան գոյություն ունի եկեղեցում, դու մի խոսիր այդ մասին։ Ես մի անգամ արդեն ասել եմ՝ եկեղեցին ոտքի է կանգնում այն ժամանակ, երբ թագավորը կամ ինքնասպան է լինում, կամ գերեվարվում է։ Հիմա ընտրեք՝ մերը գերեվարված է, թե՞ ինքնասպան եղած»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անաիս Սարդարյանը նաեւ նշեց, որ շարժումը փոփոխություն է բերել սահմանազատման գործընթացում․ «Շարժումը սկսվեց, եւ փոփոխություններ նկատվեցին։ Միգուցե հասնենք Երեւան, ավելի մեծ փոփոխություններ լինեն»։
Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր.
«Այսօր Հիսուսի Քրիստոսի Համբարձման տոնն է։
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն՝ որոշ հոգևորականներ լուրջ քաղաքական հայտ են ներկայացնում։
Անհերքելի փաստ է, որ փողոց դուրս եկած հոգևորականները վաղուց տապալել են իրենց հոգևոր ծառայությունը և նույն հաջողությամբ տապալվելու են նաև քաղաքականությունում։
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր ծառայությունից»: