Մայիսի 8-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձը։
«Լադանիվա»-ն ներկայացել է վառ ու պայծառ բեմադրությամբ։ Ըստ բեմադրության հեղինակ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի՝ բեմում իրական համերգային կատարման տրամադրություն է ստեղծված։ «Մենք փորձել ենք ներկայացնել «Լադանիվա»-ի գունավառ տեսակը։ Բեմադրության մեջ կտեսնեք հայկական վիշապագորգը, որը որոշակիորեն ներկայացվում է նաև պիքսելային տրամադրության մեջ, ինչը խորհրդանշում է «Լադանիվա»-ի արվեստում կամրջվող ավանդականն ու ժամանակակիցը։ Երաժիշտները բեմում ներկայանալու են ազատ համերգային ոճով, որը ոչ միայն այս տարվա եվրատեսիլյան բեմի տրամաբանությունն է, այլև հնարավորություն է խմբի անդամների համար՝ աշխատելու հանդիսատեսի հետ և նրանց համար, ինչը «Լադանիվա»-ի մոտ ամենալավն է ստացվում։ Բեմադրության մեջ նաև կոլաժային տրամաբանությամբ օգտագործվել են «Ժակո» երգին առնչվող տարրեր, որոնք կապված են Ժակլինի մանկության և «Լադանիվա» խմբի խորհրդանիշների հետ»։
Պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով՝ անցնող ամիսների երկար աշխատանքը տվել է սպասվող արդյունքը. «Այս ամիսների ընթացքում մեր թիմն ու արտիստներն արել են ամեն բան՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար։ Պրոմո շրջագայությունների, Մալմյոյում փորձերի և լրագրողների հետ հանդիպումների արդյունքում մենք համոզվել ենք, որ «Լադանիվա»-ն և մեր երգը շատ են սիրվել, և այժմ ամեն ինչ կախված է քվեարկությունից։ Հենց այս առումով չափազանց կարևոր է, որ Հայաստանին սատարող բոլոր մարդիկ անպայման քվեարկեն մեր պատվիրակի օգտին»։
Կարդացեք նաև
«Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Մրցույթին ուղիղ հեռարձակմամբ հետևեք Առաջին ալիքով։
Մամուլի հաղորդագրություն