ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մայիսյան հաղթանակների ոգին եւ էությունը, գաղափարը վերականգնելու համար պետք է մշտական պայքար ծավալվի: Նրա ձեւակերպմամբ, պայքարը չպետք է լինի դադարներով կամ ընդհատումներով, եւ այդ դեպքում՝ «Հարսանիք լեռներում» կրկին կլինի:
Նրա խոսքով. «Այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանում ձեւավորված իշխանությունը, որը 5-6 տարի է իշխանության է, փորձում է հայի մեջ կոտրել պայքարի, հաղթանակի ձգտումը, փորձում է կոտրել ոգին, գաղափարը, սակայն, մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ դա իշխանություններին որեւէ ձևով չի հաջողվում»: Տիգրան Աբրահամյանի խոսքով, անկախ նրանից, որ Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ է, Արցախի էջը որեւէ ձևով չի կարող փակված լինել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ասաց, որ նրա հայտարարությունները նեղ թիրախային խմբեր ունեն, եւ հասարակության շատ փոքր հատվածն է, որ դեռեւս հավատում է Փաշինյանին:
«Հասարակության մեծ մասի համար, բնականաբար, իրականությունն այն է, ինչ նա տեսնում է մեր սահմաններում, իսկ դա առաջին հերթին արտահայտվում է պարտվողականությամբ, ագրեսիաներին ոչ համաչափ հակազդելով, որի հետևանքն Արցախի, ՀՀ տարբեր տարածքների հանձնումն է, ՀՀ տարբեր կոմունիկացիաների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունն է եւ անկախ նրանից, թե ինչ կասի Փաշինյանը, հասարակության փոքր խմբի համար կարող է միայն ընկալված լինել»,- հավելել է պատգամավորը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, Տիգրան Աբրահամյանի ձեւակերպմամբ. «Շատ զավեշտալի է, որ Հայ առաքելական եկեղեցու մասին հայտարարություններ կամ մեջբերումներ է անում մի իշխանություն կամ այդ իշխանության առանցքային դեմքեր, որոնք ոչ միայն այս 6 տարիներին, այլեւ դրանից առաջ առիթը բաց չեն թողել թիրախավորելու հայ եկեղեցին, եւ այս տեսանկյունից, կարծում եմ, որ սրանց մեկնաբանել ավելին, քան մեկնաբանել են սրբազան հայրերը, չարժե»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ