Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ մենք չենք շարժման համահեղինակը, չենք կարող կոչ անել ժողովրդին միանալ, բայց մենք էլ ենք բողոքում». Լեւոն Զուրաբյան

Մայիս 09,2024 14:49
levon zurabyan

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նախ շնորհավորեց բոլորին Եռատոնի առիթով. «Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին ունենալ հաղթանակ, եւ այդ հաղթանակի պատմական նշանակությունն ու կարեւորությունը երբեք էլ չի կորի: Ամենակարեւոր բանը, որ մենք ցուցադրեցինք 90-ականներին, դա այն էր, որ կորսված ազգ չենք, պարտված ազգ չենք, կարող ենք հաղթել, իսկ հաղթում ենք այն ժամանակ, երբ ունենում ենք ճիշտ քաղաքական միտք, ընտրում ենք ճիշտ ռազմավարություն: Եվ սա ամենակարեւոր դասն է 90-ական թվականներից՝ եթե սխալ քաղաքական միտք եւ սխալ ռազմավարություն ես ունենում, պարտվում ես»: Նա ասաց, որ նորից կարող ենք դառնալ հաղթական ժողովուրդ:

Հարցին՝ ՀԱԿ-ը միանալո՞ւ է Կիրանցից սկիզբ առած Բագրատ Սրբազանի գլխավորած եւ Հանրապետության հրապարակում այսօր ժամը 16-ին հրավիրված հանրահավաքին, ՀԱԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Մեզ համար որեւէ նախաձեռնության կամ շարժման միանալու գաղափար գոյություն չունի: 1988-ից սկսած՝ մեր անկախ պետականության սկզբից ի վեր, մենք ամենամեծ ցույցերը, շարժումներն ենք արել…Մենք շատ շարժումներ ենք ղեկավարել, բայց միշտ եղել է նույն մոտեցումը, որ եթե մենք ենք նախաձեռնում որեւէ շարժում, հեղինակ ենք կամ համահեղինակ, ինչպես, օրինակ, դա եղավ 2014 թվականին «Հրաշալի քառյակի» հետ միասին, մենք բնականաբար, ղեկավարում ենք այդ շարժումը, ժողովրդին կոչ ենք անում միանալ շարժմանը եւ պատասխանատվություն ենք կրում մեր որոշումների, մեր ռազմավարության համար:

Տվյալ դեպքում ինչքան էլ համակրենք այն բողոքին, որը իսկապես լուրջ հիմքեր ունի, սրա հիմքը համաժողովրդական բողոքն է այն անգլուխ, միակողմանի, անռազմավար քաղաքականության դեմ, որ վարում են ՀՀ իշխանությունները, սա ընդհանուր բողոք է, մենք էլ ենք բողոքում, Փաշինյանի վարած քաղաքականության դեմ ամեն մեկը իր ձեւով է բողոքում, եթե ինձ հարցնեք, ես էլ կասեմ, թե մենք ինչ տեսակետից ենք բողոքում: Բայց քանի որ մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ, բայց, իհարկե, կհետեւենք այս շարժմանը: Եվ քանի որ մենք չունենք կուսակցական որոշում՝ հանրահավաքի հետ կապված, ընդհանրապես այդ շարժման տակտիկայի հետ կապված, ամեն մեկը իր անհատական ընտրությունը կկատարի»:

Լեւոն Զուրաբյանը չբացառեց, որ որոշակի զարգացումների դեպքում կարող է նպատակահարմար գտնեն հայտարարությամբ հանդես գալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031