Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ պետք է լիներ ցեղասպանության ենթարկված, բռնի տեղահանված Արցախի թեմի առաջնորդը, եթե ոչ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թիկունքին կանգնած

Մայիս 09,2024 13:47

Ուշադրությամբ կարդալով լրագրող Գոհար Հակոբյանի «Բարձրաստիճան հոգեւորականների շուրթերով քանիցս հնչած իշխանափոխության պահանջը, ոչ այլ ինչ է քան, քաղաքականություն» հոդվածը, հերթական անգամ զարմանում եմ Հայաստանի Հանրապետության ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավորների ՀՀ Սահմանադրության եւ օրենքների իմացության մակարդակի վրա: Պատգամավոր Բաբկեն Թունյանը գտնում է, որ

«Հայ առաքելական եկեղեցին զբաղված է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ենթադրում եմ, որ կարող է կարծիք լինի, որ մնացած տեղերում էլ անելու բան չկա: Իսկ ես կարծում եմ, որ մնացած տեղերում նույնպես շատ անելու բաներ կան ու ավելի առաջնահերթ եկեղեցու տեսանկյունից, քան այն ամենը, ինչ արվում է»:

Աշոտ Սարգսյան

Ինձ համար, որպես Արցախի Հանրապետության նախկին պատգամավորի, խիստ զարմանալի է, որ ՀՀ որոշ պատգամավորներ՝ սկսած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, վերջացրած Բաբկեն Թունյանով, քննադատում են հոգեւորականներին, այդ թվում՝ սրբազան հայրերին, ովքեր առաջնորդում եւ հոգ են տանում իրենց խնամքին հանձնած հոգեւոր համայնքների անդամներին եւ թեմերին: Նման պատգամավորներին, եթե նրանք իրոք մտահոգված են ՀՀ հպարտ հայրենակիցների եւ ազգի ճակատագրով, խորհուրդ կտայի կարդալ ՀՀ Սահմանադրությունը եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:

ՀՀ պատգամավորների եւ մյուս վարձու քննադատների աշխատանքը հեշտացնելու համար մեջբերեմ.

 1. ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

2. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախաբանում նշված է. «… Ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար:

Օրենքներին փոքր ինչ ծանոթ մարդուն պետք է հասկանալի լինի, թե ինչ է նշանակում «ազգային ինքնության պահպանում» եւ «ազգապահպանության կարեւոր պատվար» հասկացությունների իմաստը եւ դրանց իրագործման եղանակները:

Կրկնակի զարմանալի է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին քննադատող պատգամավոր տիկնոջ վարքագիծը: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ պետք է լիներ ցեղասպանության ենթարկված, բռնի տեղահանված Արցախի թեմի առաջնորդը, եթե ո´չ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թիկունքին կանգնած:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից: Այդ դրույթը ՀՀ օրենսդիրները «որդեգրել են» Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրությունից: Ի դեպ, Ֆրանսիական հեղափոխության դառը պտուղներից է «եկեղեցին անջատ է պետությունից, պետությունը` եկեղեցուց» դրույթը: Եկեղեցին անջատելով պետությունից, այսինքն` օտարելով հոգեւոր իշխանությունը, փաստացի նշանակում է հրաժարում հասարակության լինելիության ու զարգացման աստվածային ներգործությունից, որը նույնն է թե` հրաժարում հասարակության ինքնակարգավորումային եւ բնականոն զարգացումից: Իսկ արդյունքը լինում է այն, որ աստվածապաշտությունը աստիճանաբար փոխարինվում է կապիտալի պաշտամունքով կամ նյութապաշտությամբ: Միջանկյալ նշենք, որ մեծն Նժդեհի համար կար մեկ բաժանում` նյութապա՞շտ է հայը, թե՞ գաղափարապաշտ:

Եկեղեցին սովորաբար հանդես է գալիս որպես գաղափարաբանություն եւ կազմակերպության ամբողջություն: Մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը մեծապես կախված են եղել եկեղեցու կազմակերպությունից: Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայ պետություն, երբ Հայաստանը կորցրել էր պետականությունը: Այն հայկական թաքնված կազմակերպություն էր, իշխանություն էր, վարչություն էր՝ հաստատված հայության հոգեւոր-կամավոր հպատակության վրա: Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել եւ ունի` պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը: Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում: Ահա այդ պատճառով էլ հայության թշնամիները քաջ գիտակցելով Եկեղեցու նաեւ քաղաքական ազդակ լինելու պարագան` իրենց սրերը ուղղել են նրա դեմ:

Ահա թե ինչու պիտի պետությունը պարտադրաբար օժանդակի ամրապնդելու Հայ Առաքելական Եկեղեցին որպես կազմակերպություն, գաղափարաբանությունը թողնելով որպես վերջինիս մենաշնորհ: Եկեղեցին իրագործում է իր բացառիկ առաքելությունը Հայաստանի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում, Եկեղեցին նպաստում է բանակաշինության աշխատանքներին (Հայաստանի ՊԲ ստորաբաժանումներում ունի իր հոգեւոր սպասավորները)…

Պետությունը բաժանված է Հայ Առաքելական Եկեղեցուց, դա չի նշանակում, որ պետությունը «ապահարզան» է տվել եկեղեցուն, պարզապես կատարված է գործառույթների բաշխում:

Ներկա իրավիճակում, երբ Արցախի Հանրապետության բնակչությունը ենթարկվելով ցեղասպանության, բռնի տեղահանվել է իր բնօրրանից եւ սկսված է Տավուշի շրջանի չորս գյուղերի բռնի տեղահանումը, Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրել քաղաքականությամբ զբաղվելու գործում եւ խոչընդոտելու Եկեղեցուն իրագործելու ազգապահպանության սուրբ՝ Աստվաճահաճո եւ ՀՀ Սահմանադրության հոդված 18-ի պահանջը կատարելու գործում, մեղմ ասած տգիտություն կամ բացահայտ թշնամություն է:

Հայ Առաքելական Եկեղեցին կատարել ու կատարելու է իր առաքելությունը անկախ նրանից, թե ովքեր են պետական կառավարման ղեկին:

 

Աշոտ Սարգսյան

Արցախի Հանրապետության առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031