Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։
79 տարի առաջ այս օրը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում առաջադեմ մարդկության հաղթանակով։ Հայ ժողովուրդն այդ հաղթանակում ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։
Կարդացեք նաև
Մայիսի 9-ի խորհուրդը սակայն, միայն ռազմական հաղթանակով չէ, որ սահմանափակվում է, այդ հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։
Թանկագին հայրենակիցներ,
Մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով, շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը:
Այսօր, երբ մեր պետությունը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների և փորձությունների եզրագծին, Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում։
Կրկին շնորհավորելով այս տոնական օրվա կապակցությամբ խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ