«Եթե մեր սրտերում ունենանք բավարար հավատ, կուռ վճռականություն, համոզմունք, որ մենք հիմա իսկապես պայքարում ենք արդարության ու ճշմարտության հաղթանակի համար, որ սա աթոռակռիվ չի, իշխանության համար կռիվ չի, ինչպես փորձում են ներկայացնել իշխանական տարբեր տեսակի պրոպագանդիստները, այլ լինելիության, տեսակի վերարտադրության համար պայքար է, կհաղթենք»,- դեպի Կոտայքի մարզից մայրաքաղաք մուտք, երթի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ տարիների ընթացքում մեզանում վերարտադրվել է մի տեսակ, որը «սեփական փորը լցնելու համար» աճուրդի է հանել երկիրը, որը պատրաստ է իր հայրենակիցների տները, ունեցվածքը վաճառել ու այդ տեսակն այսօր իշխանության է:
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները Երեւան քաղաքի մուտքի մոտ են: Նրանք այդտեղ դիմավորելու են Տավուշից օրեր առաջ մեկնարկած եւ այսօր Աբովյան քաղաքից դեպի Երեւան շարժվող Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության քայլերթի մասնակիցներին:
Բանախոսի հավաստմամբ, այսօր նյութական արժեքների եւ իրական արժեքների կռիվն է, որը պետք է հաղթենք. «Այդ հաղթանակը պետք է լինի խաղաղ, անարյուն, մեզ պետք է բերի միասնականություն, պետք է բերի մի երկիր, որտեղ կա համերաշխության, համագործակցություն, բանավեճ, օրենքի գերակայություն, բայց չկա ատելություն, որը վեց տարի մեզ քամել է»:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանն էլ ասաց, որ հանուն խաղաղության տարածքներ չեն զիջում, խաղաղությունը պարտադրում են:
Նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի համոզմամբ՝ հիմա մենք սկիզբ ենք դնում արժանապատիվ ապագային:
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված»:
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ