«Այս երթը, թեեւ սկսվել է Տավուշից, բայց բոլորովին էլ չի սահմանափակվում Տավուշով, անգամ Երեւանով: Այս երթը ողջ հայ ազգի երթն է, հայ ազգի լինելիության երթն է: Այս երթն այն մասին է, թե ինչպիսի՞նն ենք մենք պատկերացնում մեր ապագան, մեր երկիրը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները Երեւան քաղաքի մուտքի մոտ են: Նրանք այդտեղ դիմավորելու են Տավուշից օրեր առաջ մեկնարկած եւ այսօր Աբովյան քաղաքից դեպի Երեւան շարժվող Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության քայլերթի մասնակիցներին:
Ավետիք Չալաբյանի փոխանցմամբ, ապագայի պատկերացումների մասին երկու տարբերակ կա. առաջին տարբերակն այն է, որը ներկայացրել է «դեռեւս վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանը», իսկ երկրորդը՝ այն տարբերակն է, որ այլընտրանք է ներկայացվել՝ հզոր, ինքնիշխան եւ արժանապատիվ Հայաստան ունենալ. «Մարդիկ պատրաստ են իրենց երկրի համար պայքարել, մարտնչել, նաեւ շենացնել: Այս տեսակետների միջեւ կա անլուծելի հակասություն եւ այն այսօր պետք է լուծվի: Այն լուծվելու է փողոցում, նաեւ մեր գլուխներում, մեր սրտերում: Հայաստանը պետք է լինի իրական ժողովրդավարական երկիր, ոչ թե կեղծ ժողովրդավարության բաստիոն, մեր երկրում պետք է գերակայի օրենքը, մենք մնալու ենք հայ, ապրելու ենք մեր ավանդույթներով, միեւնույն ժամանակ բաց ենք լինելու աշխարհի առաջ, տեր ենք լինելու մեր հայրենիքին, մեր պատմությանը»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ