Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ազգային անվտանգությունն այսօր ապահովվա՞ծ է». Գառնիկ Դանիելյանն՝ ԱԱԾ-ին

Մայիս 09,2024 12:18

Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր Աբովյան քաղաքից դեպի Երեւան շարժվեց: Երթի մասնակիցները 44-օրյա պատերազմում զոհվածների շապիկներն են կրում՝ ի հավաստումն նրա, որ իրենց պայքարը հանուն հայրենիքի է, հանուն արդարության:

Երթի մեկնարկին Բագրատ սրբազանը հորդորեց՝ զոհվածների շապիկները կրողները բացառիկ հարգալից դրսեւորեն իրենց՝ հանուն զոհվածների հիշատակի: Նա նաեւ հորդորեց՝ լուռ, առանց ավելորդ հայտարարությունների ու բացականչությունների, կազմակերպված շարունակել երթը: Սրբազանն էլ այսօր ճերմակ հագուստով է, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ խորհուրդ է:

«Օրն արեւոտ է, անձրեւն ու կարկուտն էլ են պարտվել»,- հայտարարեց սրբազանը: Երթը մեկնարկեց տերունական աղոթքով: Երթը մինչեւ Երեւանի մուտք կլինի մեքենաներով, իսկ Երեւանից արդեն քայլերթը կշարունակվի:

Մանրամասները՝ տեսանյութում

«Մենք հակասահմանադրական որեւէ քայլ չենք արել: Բայց ես ուզում եմ ԱԱԾ-ին հարցնել՝ մեր ազգային անվտանգությունն այսօր ապահովվա՞ծ է, մեր երկրի սահմաններն ապահովվա՞ծ են: Ամեն մեկը թող իր գործով զբաղվի, իրենց գործը չեն արել, դրա համար էլ հասել ենք այս օրվան»,-երթի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց երթի առաջնորդողներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ի հաղորդագրությունն ընկալում է իբրեւ սպառնալիք եւ ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց կոչ է անում՝ որեւէ կերպ չփորձեն խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառել, սպառնալ, խոչընդոտել մարդկանց հավաքներին մասնակցել, ինչի մասին ահազանգերը բազմաթիվ են:

Նա նաեւ նախազգուշացնում է՝ այս իշխանությունները հավերժ չեն, գալու է բոլորի պատասխանատվության ժամանակն՝ իր անօրինական գործողությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում

44-օրյա պատերազմում որդուն կորցրած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամ Ալիսա Գեւորգյանն էլ ԱԱԾ-ին եւ ՆԳՆ-ին հիշեցնում է, որ իրենք հանգիստ քայլում են՝ հանուն արդարության. «Ինչի՞ համար են նախազգուշացնում, հանգիստ քայլելո՞ւ»: Նա նաեւ նկատեց՝ «Իրենց ղեկավարը նույնպես քայլելով եկավ իշխանության»: Ալիսա Գեւորգյանը հորդորում է՝ 16.00-ին լինել Հանրապետության հրապարակում, քանի որ «մի քանի օր առաջ շուրջ սեղանին լցրած եւ ջրով խաղացող անձնավորությունն այլեւս չի կարող մեզ ներկայացնել աշխարհում»:

Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Ակն ընդ ականի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031