Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բարձրաստիճան հոգեւորականների շուրթերով քանիցս հնչած իշխանափոխության պահանջը, ոչ այլ ինչ է քան, քաղաքականություն». Բաբկեն Թունյան

Մայիս 09,2024 11:54

«Ինչպես Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներն են ասում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ կարող են քաղաքական դիրքորոշում ունենալ, ինչը շատ նորմալ է, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ հանդիսանալով, ինչպես ցանկացած քրիստոնյա, այնպես էլ ես՝ կարող եմ կարծիք արտահայտել:

Երկրորդ, իմ կարծիքով հավատալը կամ չհավատալը, եկեղեցուց անջատվելը կամ մնալը օրենքով չի կարգավորվում: Եղել են բազմաթիվ մարդիկ, որոնք ի սկզբանե եղել են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, հետո այլ կրոնական կազմակերպությունների մեջ են մտել, դրա համար օրենքով այդ հարցը կարգավորելն ամենաարդյունավետ ձեւը չէ»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով իր այն գրառմանը, որտեղ գրել էր, թե եկեղեցին հետամուտ չէ, որ Հայաստանում աղանդավորների թիվը չաճի:

Հարցին՝ ինչո՞ւ է գրառումը կատարել է հիմա, երբ Բագրատ Սրբազանն է առաջնորդում «Տավուշը Հանուն Հայաստանի» շարժումը, ՔՊ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Եթե ես տեսնում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին զբաղված է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ենթադրում եմ, որ կարող է կարծիք լինի, որ մնացած տեղերում էլ անելու բան չկա: Իսկ ես կարծում եմ, որ մնացած տեղերում նույնպես շատ անելու բաներ կան ու ավելի առաջնահերթ եկեղեցու տեսանկյունից, քան այն ամենը, ինչ արվում է»:

Բաբկեն Թունյանն ասաց, որ մեկ այլ գրառում էլ է արել, որ ցանկացած մարդ, լինի, հոգեւորական, թե բժիշկ կամ բանվոր, իրավունք ունի կարծիք արտահայտել, քաղաքական նախապատվություններ ունենալ եւ քայլեր անել՝ այդ կարծիքը տեղ հասցնելու համար. «Բայց եթե իրենք ձեւավորում են քաղաքական օրակարգ, պետք է պատրաստ լինեն, որ իրենց քաղաքական բնույթի հարցեր էլ են տալու եւ քաղաքական բնույթի քննադատություններ էլ են լինելու, ինչ վերաբերվում է հայտարարություններին, որ սա քաղաքական չէ, կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ, բայց մենք նայում ենք խնդիրները, որոնց մասին խոսվում է, խոսույթը եւ նայում ենք էն մարդկանց, ովքեր այսօր ուղեկցում են այդ շարժումը, այդտեղ քաղաքական գործիչներ են: Հիմա այսօր ժամը 4-ին հանրահավաք է հրավիրված, այդտեղ ավելի պարզ կլինի՝ եթե առաջ է քաշվում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգեւորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, դա ոչ ինչ է քան քաղաքականություն»:

Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում Բաբկեն Թունյանը գրառում էր արել. «Եվ այսպես, բնականաբար, ցանկացած մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդ (լինի հոգևորական, լրագրող, թե բժիշկ) իրավունք ունի քաղաքական հայացքներ ունենալ, կարծիք արտահայտել և օրենքով չարգելված գործողություններ կատարել՝ իր տեսակետը տեղ հասցնելու կամ մարդկանց համոզելու համար: Որովհետև, այո, նա իր հիմնական զբաղմունքից բացի՝ նաև երկրի քաղաքացի է, և սրտացավությամբ է առաջնորդվում:

Բայց, կարծում եմ, կհամաձայնեք, որ եթե մարդը մտնում է այդ դաշտ, քաղաքական խոսույթ ձևավորում ու փաստացի դիրքավորվում որպես քաղաքական գործիչ, ավելին՝ փաստացի  քաղաքական օրակարգով շարժում նախաձեռնում, ուրեմն այդպես էլ ընկալվելու է: Եվ իրեն ու իր թեզերին մարդիկ այդ՝ քաղաքական հարթության մեջ էլ պատասխանելու են ու հարցեր տան՝ անկախ նրանից, թե այդ մարդը հոգևորականի հագուստով է, բժշկական խալաթով, թե սպորտային համազգեստով:

Ի դեպ, ճիշտ նույն կերպ, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդը՝ անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից, իրավունք ունի խոսել ու հարցեր բարձրացնել հոգևոր թեմաներից: Ոչ թե չարախնդությամբ կամ վատաբանելու մղումով, այլ նույնպիսի սրտացավությամբ, ինչպես առաջին դեպքում:

Նորմալ պրոցես է, ոչ մի ողբերգություն դրանում չկա: Պարզապես պետք է մնալ օրենքի և իհարկե՝ հարգանքի դաշտում, չանցնել կարմիր գծերն ու խնդրի քննարկումը չվերածել անձնական թշնամանքի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031