Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և պետք է դուրս գա այդ տարածքներից. դեսպան Դեկոտինյի. «Ազատություն»

Մայիս 09,2024 10:45

«Ազատություն». Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։

Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։

«Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից», – նշեց Օլիվյե Դեկոտինյին։

«Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել և պետք է դուրս գա այդ տարածքներից»

«Ազատություն». – Քանի որ այսօր գրեթե բոլորի գլխավոր մտահոգությունը սահմանազատումն է Տավուշ-Ղազախ հատվածում, ես կսկսեմ մեր զրույցը հենց այդ հարցից: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մի շարք հայտարարություններ ենք լսել արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանային երկրներից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Երևանի և Բաքվի միջև համաձայնությանը։ Մինչդեռ Ֆրանսիան, լինելով Արևմուտքում հայերի ամենամոտ դաշնակիցը, մինչ օրս լուռ է։ Ո՞րն է Փարիզի դիրքորոշումն այս հարցում։

Օլիվյե Դեկոտինյի․ – Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայում Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի:

«Ազատություն»․ – Արդյո՞ք կիսում եք մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։

Օլիվյե Դեկոտինյի․ – Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Դեսպանը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող Սենատի բանաձևի մասին

«Ազատություն»․ – Խոսելով արվող քայլերի մասին։ Վերջերս Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն երկու բանաձև ընդունեց, որոնք կոչ էին անում Ձեր կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ բռնագրավելով Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքը և արգելափակելով այդ երկրից գազի և նավթի ներմուծումը: Դա տեղի չունեցավ, և տպավորություն է, որ մի կողմից՝ Ֆրանսիայի կառավարությունն ընդունում է, որ մենք գործ ունենք ագրեսոր երկրի հետ, որը նաև էթնիկ զտումներ է իրականացրել, մյուս կողմից՝ խուսափում է այդ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանել:

Օլիվյե Դեկոտինյի․ – Եվրոպայում պատժամիջոցները կիրառվում են եվրոպական մակարդակով։ Պատճառն այն է, որ մենք միասնական շուկա ենք։ Եվրամիության անդամները ձևավորել են մեկ միասնական շուկա, և, լինելով ԵՄ անդամ, որևէ մեկը չի կարող միակողմանի պատժամիջոցներ սահմանել:

«Ազատություն»․ – Սակայն, Չեխիան անցած տարի հենց միակողմանի պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ, որի թիրախում էր, կարծեմ, նաև պատրիարք Կիրիլը:

Օլիվյե Դեկոտինյի․ – Եթե խոսքը իմաստալից, տնտեսական պատժամիջոցների մասին է, որոնք ազդում են, օրինակ, նավթի և գազի հատվածի կամ որևէ տնտեսական հատվածի վրա, ապա Եվրոպան մի տուն է, որտեղ եթե փակում եք մի պատուհան, ցանկացած մեկը կարող է մտնել մեկ այլ դռնով կամ ծխնելույզի միջով։ Արդյունավետ պատժամիջոցներ ունենալու համար պետք է հասնել նրան, որ եվրոպական բոլոր երկրները համաձայնության գան պատժամիջոցների շուրջ: Իսկ ներկայումս դրա վերաբերյալ համաձայնություն չկա, այդ հարցում կոնսենսուս չկա:

«Ազատություն»․ – Ֆրանսիայի՞ ներսում։

Օլիվյե Դեկոտինյի․ – Եվրամիության ներսում։

Հեղինե Բունիաթյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031