Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ հնարավոր կլինի խոսել քաղաքականության մասին

Մայիս 09,2024 10:00

Արդեն բազմիցս առիթ եմ ունեցել գրելու, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, որովհետեւ մեր պետությունում չկա իշխանությունների թեւերի բաժանում, ամեն ինչ կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում:

Բայց կա ավելի նուրբ պահ, որը դարձյալ առնչվում է ընտրությունների հետ, որոնց «արդարության» մասին այդքան սիրում է խոսել ներկայիս իշխանությունը: Իբր ընտրությունները (եթե անգամ ընդունենք, որ դրանք արդար են) ժողովրդավարության «ապացույց» են: Բայց, երբ քաղաքական կյանքը մեռած է. երբ ոչ մի հարց լրջորեն չի քննարկվում, մարդկանց ժամանակ առ ժամանակ տեղամասեր կանչելը եւ հարցնելը, թե ով է ավելի լավը՝ Փաշինյանը, թե Քոչարյանը՝ դա ժողովրդավարություն չէ:

Ես ունեմ ժողովրդավարության հատկանիշներից մեկի իմ (ոչ գիտական) ձեւակերպումը, այն է՝ դա մի մթնոլորտ է, երբ շարքային քաղաքացիները կարող են առանց իրար վիրավորելու, առանց իրարից խռովելու քննարկել քաղաքական հարցեր: Միայն այդ «խաղաղ կոնֆլիկտի» դեպքում հնարավոր է խոսել իրական ինքնակառավարման մասին: Հայաստանում, իմ կարծիքով, նման մթնոլորտ չկա:

Հեռու չգնալու համար բերեմ իմ օրինակը: Ես unfriend կամ unfollow եմ անում (կախված տոքսիկության աստիճանից) չափից դուրս խանդավառ նիկոլականներին եւ քոչարյանականներին: Այսինքն՝ ոչ միայն չեմ բանավիճում, այլ չեմ ուզում կարդալ՝ նյարդերս խնայելու համար: Գործի բերումով լրատվամիջոցների նյութերը կարդում եմ, բայց ֆեյսբուքյան ստատուսները եւ մեկնաբանությունները՝ ոչ:

Այդ կարծիքները պտտվում են նույն առանցքի շուրջ. մի կողմից՝ «թուրք», «դավաճան», մյուս կողմից՝ «Ռուսաստանի գործակալ», «թալանչի»: Այդ դիսկուրսը քաղաքական քննարկումների, մեծ հաշվով՝ քաղաքական կյանքի բացակայության ցուցիչ է: Դա, իր հերթին, դարձյալ բերելու է։ «ընտրության», որի այս կամ այն ելքը որեւէ ձեւով իրավիճակը չի փոխելու: Բայց դրանից հետո հաղթող կողմը խոսելու է «ժողովրդավարության» մասին:

Այսօրվա իրավիճակը շարունակվելու է մեկ ամիս, մեկ տարի, կամ 5 տարի, որից հետո մեզ՝ քաղաքացիներիս, նորից «հավաքագրելու են» ընտրությունների (պլեբիսցիտի), որտեղ մենք պետք է որոշենք՝ ընդունելի՞ է, թե՞ մերժելի Փաշինյանը կամ նրա նման որեւէ մեկը:

…Նույնիսկ բարեկամների եւ համադասարանցիներիս հետ ես խուսափում եմ խոսել քաղաքականության մասին: Ինչո՞ւ փչացնեմ հարաբերություններս հարազատ մարդկանց հետ: Միեւնույն է՝ ոչ մեկին ոչ մի բանում չես կարող համոզել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Մեր կրոնը պետք է գիտությունը լինի։Ամեն եզրակացություն պետք է մասնագիտական եզրակացություն և գիտական հենք ունենա։
    Ամբախ զամբախ խոսողները պետք է ծաղրի առարկա դառնան։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031