Քնի մեջ մարդիկ կարող են խոսել, երազել, անգամ՝ քայլել, բայց երբեմն էլ՝ դադարել շնչել, և վերջինը կարող է ոչ միայն սթրեսի լուրջ պատճառ դառնալ քնած մարդու և նրա ընտանիքի անդամների համար, այլև առողջական մեծ ռիսկեր առաջացնել։ Վիճակը, երբ քնած ժամանակ մարդու շնչառությունը պարբերաբար ընդհատվում է, կոչվում է քնի ապնոէ, որի առավել տարածված տեսակներից է քնի օբստրուկտիվ ապնոէն։ Այս խնդիրն առաջանում է, երբ քնած ժամանակ մարդու կոկորդի մկանները ժամանակ առ ժամանակ թուլանում են՝ փակելով շնչուղիները:
Ադրենալինի հոսքն ազդարարում է թթվածնի մակարդակի նվազեցման մասին, և գլխուղեղը, զգալով մոտալուտ վտանգը, սթափեցնում է մարդուն՝ կարծես ասելով՝ «արթնացի՛ր, այլապես կմահանաս», որից հետո մարդու շնչառությունը վերականգնվում է խեղդոց հիշեցնող ձայներով։ Երբեմն մարդը խորը քնի մեջ կարող է անգամ չնկատել քնի ապնոէի այդ դրվագները, որոնք, սակայն, չեն կարող վրիպել տվյալ մարդու զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի ուշադրությունից։
Ինչպես մեզ հետ զրույցում մեկնաբանել է նյարդաբան, քնի խանգարումների մասնագետ, բ․գ․թ․ Սամսոն Խաչատրյանը, «Քնի ապնոէն շատ տարածված է հատկապես տղամարդկանց շրջանում․ միջին տարիքի տղամարդկանց մինչև 10 տոկոսն ունի այդ խնդիրը՝ տարբեր աստիճանի արտահայտվածությամբ։ Այս վիճակը քնի ամենավտանգավոր խանգարումներից է, քանի որ ոչ միայն քունն է խախտում, ինչն ինքնին լավ չէ առողջության համար, այլև բարձրացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկերը․ դրանց թվում են սրտանոթային հիվանդությունները, սրտի ռիթմի խանգարումները, զարկերակային բարձր ճնշումը, կաթվածը, սրտի սնուցման, ուղեղի անոթային խանգարումները, նյութափոխանակության խանգարումները և այլն»։
Հետազոտություններից մեկի համաձայն՝ քնի ապնոէ ունեցող մարդկանց շրջանում նեյրոկոգնիտիվ խանգարումների (Ալցհայմերի, Պարկինսոնի հիվանդություն) զարգացման վտանգը 1,43 անգամ բարձր է։
Կարդացեք նաև
Քնի օբստրուկտիվ ապնոէն, թեև կարող է զարգանալ յուրաքանչյուրի մոտ, սակայն կան ռիսկի որոշ գործոններ, որոնց թվում են՝
- Ավելորդ քաշը,
- տարիքը,
- սեռը՝ տղամարդկանց մոտ մի քանի անգամ ավելի հավանական է այս խնդրի զարգացումը,
- ժառանգականությունը,
- շնչուղիների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները,
- դիաբետը և այլն։
Քնի շնչառական խանգարումները դեղորայքային բուժում գրեթե չունեն, դրանք ներառում են ապրելակերպի փոփոխությունները՝ քաշի կառավարում, ֆիզիկական կանոնավոր վարժությունների իրականացում, վնասակար սովորություններից հրաժարում և այլն։ Քնի ապնոէն բավականին լավ կառավարվում է CPAP-սարքերի միջոցով, որոնք շնչուղիների շարունակական դրական ճնշում են ստեղծում՝ ապահովելով շարունակական օդի ճնշում՝ շնչուղիները մշտապես բաց պահելու համար։ Եթե խնդիրը չի հաջողվում բուժել CPAP-սարքերի, բերանի հարմարանքների կամ այլ մեթոդներով, կարող է կիրառվել վիրահատական միջամտություն։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ