Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փլուզում

Մայիս 09,2024 12:30

Երրորդ ռայխի պարտությունը նշանակեց Արեւելքի ժողովուրդների երազանքների ավարտ, որոնք հույս ունեին ազատագրվել մոսկովյան ենթակայությունից:

Հայերի եւ կովկասցիների համար այդ վերջը ազդարարվեց, երբ 1944 թ. հուլիսի 20-ին՝ Հիտլերի դիկտատուրայի դեմ մահափորձ կատարած անձինք ձախողվեցին։ Նրանցից Շտաուֆենբերգը, Շուլենբուրգը, հանուն արդարության՝ իրենց կյանքով հատուցեցին, մյուսները՝ Կյոստրինգն ու Հերվարտը մինչեւ պատերազմի ավարտ մնացին չբացահայտված, բայց արդեն անզոր:

Գերմանիայում գտնվող արեւելյան հայերի մի մասը իրեն քաղաքականապես անմեղ էր համարում, եւ կամավոր միացան հաղթանակած խորհրդային զորքերին: Դրանք մարդիկ էին, որոնք գերի էին ընկել կամ գործել էին աշխատանքային ճամբարներում: Նրանց ճակատագիրն անհայտ է: Հայ լեգեոնականների մեծ մասի՝ սպաների ու քաղաքական ղեկավարների համար, սկսվեց իսկական հետապնդումների շրջան, քանի որ ըստ Պոտսդամի համաձայնագրի՝ դաշնակիցները պարտավոր էին նրանց հանձնել խորհրդային կողմին: Այդ մարդկանց տխուր պատմությունը որոշ չափով հայտնի է արդեն: Դաշնակիցներն այնքան հեռու գնացին, որ նույնիսկ ոչ Խորհրդային Միության հայերին ձերբակալեցին: Այդ պատճառով մի խումբ հունահայեր, 1945 թ. հունական դրոշի տակ, խրամատավորվել էին Շտուտգարտի մի շենքում, որպեսզի իրենց չանհանգստացնեն:

Պատերազմի ավարտից կարճ ժամանակ առաջ Վարդան Սարգսյանը (լուսանկարում) հասել էր գեներալ-մայորի աստիճանին: Քաղաքացիական հագուստով փախչելու եւ փրկվելու փոխարեն, ինչպես նրան խորհուրդ էին տվել, նա Զալցբուրգում հանձնվել է ամերիկյան ռազմական ուժերին: Սարգսյանն (նա Խրիմյան Հայրիկի ազգականն էր-խմբ) ապավինել էր Ամերիկայի հայերի աջակցությանը, որոնք իրեն կփրկեին: ԱՄՆ-ի ռազմական ուժերը սկզբում նրա հետ բարյացակամ վերաբերվեցին, բայց հետո նկատելով, որ նրա անունը եւս նշված է խորհրդային պետության կողմից որոնվողների ցուցակում, նրան եւս հանձնեցին Կարմիր բանակին: Մոսկվայում նրան եւ Վլասովյան 20 գեներալների դատապարտեցին մահապատժի՝ «Խորհրդային հայրենիքի դավաճանության համար»: Սարգսյանին սպանեց ոչ հրաձգային համազարկը, ոչ՝ կախաղանը, այլ՝ մսագործի կեռիկը:

1944 թ. գեներալ Նժդեհն արդեն ընկավ Խորհրդային Միության ձեռքը եւ աքսորվեց Սիբիր, որտեղ 1957 թ. վախճանվեց։ Նրա աճյունը հայրենի Զանգեզուր փոխադրվելու խնդրանքը մերժվեց: Գեներալ Դրոն ձերբակալվեց եւ հալածանքների ենթարկվեց Ամերիկայում: Ռամկավար քաղաքական գործիչները պահանջում էին ԱՄՆ-ի կառավարությունից նրան դատարանի առաջ կանգնեցնել: Դրոն մի հարցազրույցի ժամանակ ասել է. «Եթե հանցագործություն է հայրենակիցներին օգնելը, ուրեմն ես հանցագործ եմ»: Մի քանի հարցաքննություններից հետո հետաքննությունը դադարեցվել է, Դրոն ամերիկացիների կողմից ճանաչվել է անմեղ: Նյուրնբերգի՝ պատերազմի հանցագործների դատավարության 22 հատորների ցանկում Դրոյի անունը նշված չէ: Դրոն ազատ արձակվեց եւ որոշ ժամանակ մնաց ԱՄՆ-ի կառավարության ծառայությունում, այնպես, ինչպես գեներալ Գեհլեն վարվեց:

Շուրջ 4000 լեգեոնականներ, որոնք կարողացել էին փրկվել, մեկնեցին Շտուտգարտ, խմբվեցին Շտուտգարտի գլխավոր ճամբարում՝ որպես տեղահանված անձինք: Այդ ժամանակ ԱՄՆ-ից Գերմանիա եկավ Գեւորգ Մարդիկյանը՝ որպես մասնագետ (նա նպարեղենի խանութների տեր էր, այդ թվում՝ Օմար- Խայամ հյուրանոցի տերն էր Սան Ֆրանցիսկոում)՝ ԱՄՆ-ի զինված ուժերի սննդակարգը հետազոտելու: Մարդիկյանի վրա ծանր ազդեցություն է թողնում այնտեղ հանդիպած տեղահանված անձանց անմխիթար վիճակը: Անմիջապես ստեղծում է բարեգործական հիմնադրամ, այսպես կոչված՝ ANCHA (Ամերիկյան ազգային կոմիտե՝ օգնություն անտուն հայերի համար), ակտիվորեն նվիրվում այդ գործին եւ զբաղվում նրանց տեղափոխությամբ Ամերիկա: Նրան աջակցեցին փաստաբան Սուրեն Սարոյանը, գեներալ Հայկ Շեկերջյանը: Քանի որ ռամկավարները, հնչակյանները եւ կոմունիստները հրաժարվեցին՝ իրենց ձեւակերպումով «ֆաշիստական» նախկին գերմանական զինվորներին օգնել, Մարդիկյանն, ով, ի դեպ, դաշնակցական չէր, հարկադրված էր իր ունեցվածքի որոշ մասը տրամադրելու նրանց օգնելուն, 3600 տեղահանվածներ այդ կերպ կարողացան նոր կյանք սկսել Ամերիկայում:

Դեռ Վիեննայի նվաճման ժամանակ Կարմիր բանակի կողմից հրահրվեցին զանգվածային անկարգություններ: Մի խումբ ռազմատենչ ռազմագերիներ՝ հեղափոխական մտածումներով, ներխուժեցին Մխիթարյան միաբանների վանք, ոչնչացրեցին շատ իրեր, այդ թվում վնասեցին լայպցիգցի գեղանկարիչ Յուլիուս Շնոր ֆոն Կարոլֆելդի (1794-1872)՝ «Հինգ հազարի կերակրումը» փառահեղ գեղանկարը: Այդ գեղանկարը հետագայում Ավստրիայի պետությունն ամբողջությամբ վերականգնեց, որը մշակութային արժեք է գերմանավստրիական տարածքում: Երրորդ ռայխի տարիներին այդ գեղանկարը կնքված էր եւ արգելված երկրից դուրս բերումը:

Ընդհանուր առմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայերի մասնակցությունը գերմանական կողմից այնքան մեծ չէր, որքան գրքի այս բաժնում նկարագրվող մանրամասնություններից կարող է թվալ: Արեւելյան լեգեոնականների 800 000 ընդհանուր թվում՝ ռուսներն ու կազակները ներառյալ, գերմանական զինված ուժերում ներկայացված 30 000 հայերը թվապես կորցնում են իրենց նշանակալի դերը: Չմոռանանք, որ այդ 30 000 հայերը կանգնել էին Կարմիր բանակի շարքերում կռվող 350 000 հայերին հանդիման:

Պատերազմից քառասուն տարի անց, ժամանակն է պատմությունն անաչառ ներկայացնեու եւ դատողություն անելու: Ամենայն հավանականությամբ գեներալ Դրոյի եւ նրա համակիրների նվիրվածությունը ճիշտ էր, նացիոնալ-սոցիալիստներին հակառակվելը, հայերին քաջածանոթ անգլիացի Ուոլկերի բնորոշմամբ, կլիներ ինքնասպանություն: Ուոլկերը բացատրում է. «Դաշնակցականները, ինչպես Դրոն, հիշում էին 1917-18 թթ. իրադարձությունները, երբ իրենց կուսակցության ուժը եւ կառույցի կազմակերպումը Հայաստանի բարձրավանդակում Հայկի սերնդի վերջնական բնաջնջումից փրկության միակ երաշխավորը եղավ: Ռուսաստանի փլուզման վտանգի պարագայում, անհրաժեշտ էր նախապատրաստել մուտքը Երեւան, նաեւ բռնի ուժով բոլշեւիկներին վտարել եւ ստանձնել ազգային անվտանգությունը, մինչ թուրքերի արեւմուտքից հնարավոր հարձակումը»:

Սխալ կլիներ հավատալ, որ հայերը կպատժվեին Ստալինից՝ իրենց գերմանամետ դիրքորոշման պատճառով: Ընդհակառակը, այլոց հետ համեմատած, նրանք արեւելքի ամենահավատարիմ խորհրդային ժողովուրդն էին:

Երկրորդ աշխարհամարտից հետո հայ կոմունիստները մտածեցին՝ եկել է իրենց հավատարմության, առավելագույն ջանքերի (160 000 զոհված հայ կարմիր բանակայիններ) համար հատուցման պահը՝ իրենց ժողովրդի արդար պահանջը Կրեմլի իշխանավորներից փոխհատուցելու: Ավա՛ղ, վերստին հիասթափություն: Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորումը Հայաստանին չէր կարող կայանալ, դրանք պետք է Ադրբեջանին բռնակցված մնային, թեեւ ադրբեջանցիներն իրենց «հավատարմությունը Ադոլֆ Հիտլերին»՝ առավել քան Կովկասի մյուս ժողովուրդները, բարձրաձայն էին արտահայտել:

1945 թ. Ստալինը պահանջեց Կարսն ու Արդահանը վերամիավորել Խորհրդային Միությանը, որոնք 1921 թ՝. խորհրդա-թուրքական համաձայնագրով, Թուրքիայի մաս էին դարձել: ԱՄՆ-ի պրեզիդենտ Հարի Թրումանը, ով մինչ այդ Ստալինի նմանատիպ ցանկություններն առատաձեռնորեն իրականացրել էր՝ Արեւելյան Եվրոպայի հետ կապված, այդ փոքր տարածքի ամայի լանդշաֆտի հարցում հանկարծ անզիջող դարձավ, Կարսը, Արդահանը պետք է մնային Թուրքիային: Թրումանը եղավ ԱՄՆ-ի միակ պրեզիդենտը, որը հակահայկական դիրքորոշում ուներ:

Հետադարձ հայացքով Կարս-Արդահանի ձախողումը գուցե պետք է ներկայացվի հայերի համար որպես ոչ մեծ ողբերգություն, որովհետեւ հետագայում պարզ դարձավ, որ դրանք Սատալինը միայն թվացյալ է պահանջել Հայաստանի համար:

Իրականում որոշել է միավորել իր ծննդավայր Վրաստանին:

Ֆրիտյոֆ Նանսենի արտահայտությունը՝ հայերը որպես «խաբված ժողովուրդ», հաստատվեց մեկ անգամ եւս: Հայաստանին մնաց ոչ միայն խորհրդային 15 հանրապետությունների շարքում ամենափոքր տարածքը, այլեւ Հայաստանի երեքհազարամյա պատմության ընթացքում տարածքով ամենագաճաճ պետությունը:

Հայերը համակերպվեցին այդ իրավիճակին՝ սփոփվելով իրենց լավատեսությամբ, թե գերադասելի է ունենալ թեկուզ գաճաճ պետություն, քան մնալ առանց պետության: Գոհունակությամբ եկան այն եզրակացությանը, որ չնայած 160 000 զոհերին, 1915 թ., ճակատագիրն իրենց շրջանցեց: Ընդհանուր առմամբ, հայերի քաղաքական գործունությունը դրական է գնահատվում՝ 25 տարի առաջ նվիրվեցին միայն մի կողմին, հիմա եղան ճկուն եւ շրջահայաց: Այդ դիվանագիտական շրջադարձի համար պետք է առաջին հերթին երախտապարտ լինել գեներալ Դրոյին…

Հատված Արա Բերքյանի «ՀՌԵՆՈՍԻ ԵՎ ԱՐԱՔՍԻ ՄԻՋԵՎ» (համահեղ.՝ Էննո Մեյեր) գրքից

գերմ. թարգմ. ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031