Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ-ն պատրաստվում է վաղը Հյուսիսային ավտոկայանում միանալ Բագրատ սրբազանին

Մայիս 08,2024 23:35

Այսօր, մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը,  Ազգային ժողովրդավարական բեւեռը Ազատության հրապարակից հավաք-երթ էր կազմակերպել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող սահմանազատման գործընթացի։

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց քաղաքական ուժն արդեն 262-րդ օրն է Ազատության հրապարակում բողոքի 24-ժամյա նստացույց է իրականացնում. «Այս ամբողջ ընթացքում բազմաթիվ երթեր ենք իրականացրել Արցախի հայրենազրկման, ցեղասպանության ուրացման, իսկ վերջին շրջանում՝ Տավուշում սկսված այս ապօրինի սահմանազատման դեմ, որը հայրենազրկման է բերելու արդեն Տավուշի բնակիչներին։ Մենք գիտակցում ենք, որ այս սահմանազատումը տարվող քաղաքականության հետեւանք է, որը թուրքամետ քաղաքականություն է, ուստի միշտ հանդես ենք եկել եւ հանդես ենք գալիս ներկա ռեժիմի հեռացման պահանջով։

Քանի որ մեր շարժումը ազգային-ազատագրական է եւ դիտարկում է մեր պետությունը գրավված թշնամու կողմից, ուստի մենք աջակցում ենք բոլոր անկեղծ դիմադրական շարժումներին, որոնք հայրենազրկման դեմ են։ Այդ թվում նաեւ այս շարժմանը, որ Բագրատ սրբազանը դեպի Երեւան երթով կատարում է։ Այդ իմաստով մենք միասնաբար պայքարելու ենք նույն նպատակի համար, քանի այդ նպատակը դրված է»,-ասաց պարոն Չուգասզյանը։

Այնուհետեւ արդեն հանրային ելույթում Գարեգին Չուգասզյանը վերստին հիշելով Շուշին` կարճամիտ, անհեռատես եւ  բացարձակ անընդունելի գնահատեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի օրերս կատարած այցը Շուշի եւ շարունակեց. «Մինչեւ այժմ պայքարը ցանցային բնույթ է կրել։ Վաղը, երբ երթը հասնի Երեւան, նոր վիճակ կստեղծվի»։

Նա նշեց, որ Բեւեռը Բագրատ սրբազանի հետ  միասնաբար պայքարելու է հայրենազրկման դեմ։ Երկրորդ, այս օրհասական վիճակում անընդունելի է ժողովրդի մեջ եւ քաղաքական դաշտում պառակտվածությունը եւ սեւ-սպիտակ  տրամաբանությունից դուրս գալու համար հարկ է ուժերը համախմբել հանուն անհրաժեշտ պաշտպանության։

«Մենք ակնկալում ենք Բագրատ սրբազանից, որ վաղը կներկայացնի իր կողմից այնպիսի քայլեր, որոնք ընդունելի կլինեն ժողովրդի, նաեւ մեր շարժման համար եւ մենք կկարողանանք միասնաբար հասնել մեր նպատակին»,-ասաց ԱԺԲ խորհրդի անդամը, բայց նաեւ հայտարարեց, որ իրենք ոչ մի պարագայում չեն միանա օդիոզ այն կերպարներին, որոնք այս կամ այն կերպ հայտնվում են այս երթի ընթացքում եւ այս երթից հետո։

Գարեգին Չուգասզյանը կոչ արեց բոլորին վաղը 13:30-ին լինել Հյուսիսային ավտոկայանի մոտ` դիմավորելու «Տավուշը հանուն Հայրենիքի» երթը։

Ժիրայր Սեֆիլյանը  նշեց, որ երկիրը ցեխից դուրս բերելու եւ մի քանի գաղափարների շուրջ համախմբում կազմակերպելու իրենց բազմաթիվ փորձերը հաջողություն չեն ունեցել։ «Եվ այսօր անձնապես ես հնարավորություն եմ տեսնում։ Այդ նույն համախմբման, համախոհության պարտավորության բեռը կարծես ընկել է Բագրատ սրբազանի ուսերին եւ Բագրատ սրբազանը կարող է այն, ինչ չհաջողվեց մեզ։ Ստեղծված է մի հնարավորություն, որը կարող է հանգեցնել ազգային ամբողջական միասնության։ Նա այսօր խոսում է  համերաշխության մասին։ Եվ շատ կարեւոր է, որ մենք բոլորս այս հարցում լինենք օգնողի դերում»,-հայտարարեց նա։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031