Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմ սկսվի մեր երկրում, ուրեմն մեր այսօրվա իշխանություններն են հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ»․ Բագրատ Սրբազան

Մայիս 08,2024 23:13

«Մեր այս շարժումը, երթը՝ Տավուշի սահմանապահ շրջանից սկսած, մեկ նպատակ ունի՝ հասնել ճշմարտության հաղթանակին։ Մեր երթը հենց ճշմարտության հաղթանակը կնքելն է, որպեսզի սուտը մշակույթ չդառնա մեր կյանքում, մեր տներում չապրի, մեր դպրոցներում, քաղաքներում, գյուղերում չապրի, մեր կերակուրը չդառնա։ Այս երթը նաեւ ինքնամաքրվելու առիթ է, բոլորն այստեղ հիմա ինքնամաքրվելու առիթ ունենք՝ մեղքից, սխալներից, անպատասխանատվությունից, թշնամությունից, ատելությունից»,- Աբովյան քաղաքում, դիմելով բնակչությանը, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Աբովյանում ժողովուրդը Բագրատ Սրբազանին դիմավորեց ծափերով ու մեծ ոգեւորությամբ։

Նա հավելեց․ «Այս երթի նպատակն է, որպեսզի լայն իմաստով նաեւ հաշտություն լինի մեր ժողովրդի բոլոր շերտերի մեջ, սարսափելի է մեր կյանքը, երբ նայում ենք դրսի հայացքով։ Նույնիսկ ընտանիքի մեջ հաշտություն չկա, հաշտ չեն մարդիկ հենց երկրին վերաբերող հարցերով։ Մեր փափագն ու ցանկությունն է, որ լայնորեն հաշտություն ունենաք՝ որպես մեկ ազգ, հայրենատեր ժողովուրդ, պատրաստ այս տառապանքը դարձնելու այն ցատկահարթակը, որը մեզ անընդհատ վեր կբարձրացնի։ Մեր տառապանքները մեզ համար եղել են միջոց ու հնարավորություն՝ լայն իմաստով գնահատելու այն, ինչ ունենք եւ վերելք ապրելու, ընթանալու վեր։ Մեր տառապանքները չեն կարող մեզ կքեցնել, ընկճել, ստորացնել, նվաստացնել, ինչը փորձ է արվել մեզ վրա դնելու։ Անընդհատ ասում էին մեզ՝ այս ժողովուրդը մեռած ժողովուրդ է, ոգի չունի, անզոր, տկար, թույլ ու վախկոտ ժողովուրդ է։

Այս ժողովուրդը ոչ մի բանի վրա ուշադրություն չի դարձնում, գաղափար չունի, վեհություն չունի, անտարբեր է։ Ես միշտ հակառակվել եմ դրան։ Եվ ահավասիկ այսօր դուք հենց հակառակն եք փաստում՝ ասելով՝ ոչ, մենք ոչ վախկոտ ենք, ոչ թույլ ենք, ոչ տկար ենք, ոչ անօգնական ենք, ոչ անհույս ենք, ոչ էլ անլույս ենք։ Այսօր տղաներից մեկը ճանապարհին հուզախառն մոտեցավ ասաց՝ երեկ գիշեր չորս տարվա մեջ առաջին անգամ քնեցի։ Սա ի՞նչ է, ո՞նց կարող ես ազգիդ այդքան տառապանքի մատնել, ո՞նց կարող ես այդ բեռը չվերցնել, բա ի՞նչ պատասխանատու ես դու, ի՞նչ տեսակի պատասխանատվություն է քո պատասխանատվությունը»։

Բագրատ Սրբազանը հավելեց, որ այսօր Սփյուռքում ամենուր գրեթե ոտքի են կանգնել, քաջալերում են այս շարժումը․ «Սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը, մեր կենսագրության վերականգնման պատմությունը։ Եռագույնն արդեն հաղթել է սեւ ու սպիտակին»։

«Տավուշի երեք գյուղերի մեր սիրելի ժողովուրդը ամբողջ մի աշխարհ է շուռ տվել, բոլոր գերտերությունների չգիտեմ ինչ խաղերը՝ տեսանելի եւ անտեսանելի, խառնել է։ Ցավոք սրտի, հայոց պետության իշխանավորների դավադիր խաղերն է խառնել իրար, թշնամական պետության կողմից պարտադրանքի, սպառնալիքի տակ գտնվող այդ խաղերն է խառնել իրար: Ընդամենը մի բուռ ժողովուրդ՝ սահմանագլխին ապրող։ Եվ նրանք այստեղ են, մեր մեջ են՝ ոսկեպարցիները, բաղանիսցիները, կիրանցեցիները եւ լայն առումով նաեւ ամբողջ տավուշեցիները»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ տարբեր մարզերից ու Հայաստանից դուրս մարդիկ են միացել այս շարժմանը․ «Այնքան «նարկոբարոն» ու «գործակալ» է եկել լցվել մեր կյանք, էլ չասած։ Եվ դեռ գալիս են, մարդիկ օդանավակայանում իջնում են, թողնում են ամեն ինչ ու գալիս միանում են այս երթին։ Ոչ ոք չի կանչել ոչ ոք չի պարտադրել, մարդիկ իրենք են ցանկացել ու ցանկանում, եւ սա է հրաշքը, սա է ճշմարտությունը»։

Բագրատ Սրբազանը ասաց, որ նաեւ արցախցիներն են միացել շարժմանը։ «Մեր հայրենակիցները, ում մենք ամբողջության մեջ չկարողացանք ճշմարտապես գնահատել եւ հանձնեցինք մեր հայրենիքը։ Ոչ թե մի կտոր հող ինչ-որ մի տեղ, այլ մեր սեփական ժառանգությունը, մեր տունը, մեր հայրենիքը, որտեղ ջրից ավելի արյուն է հոսել։ Արցախը կերան ուղղակի։ Արցախցիներս, դուք որեւէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի ձեր միջեւ, նրանք ուրացող են, Հուդայի բաժին են, 30 արծաթով ապրող մարդիկ են։ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, հայոց հարցի անբաժանելի մասն է։ Եվ, այո, մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք ուղղակի չունենք»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը հավելեց․ «Մեզ վախեցնում են պատերազմով, սուտ։ Էլ բան չասեմ։ Եթե նույնիսկ պատերազմով վախեցնում են, իրենք են երկրի կառավարիչները, իրենք պարտավոր են երկրի անվտանգությունը սահմանել։ Եվ մեզ պատերազմով չվախեցնեն երբեք, ուրիշ հարց, որ իրենց գլխավորությամբ պատերազմով, այո, ճիշտ են անում, որ վախեցնում են։ Բայց եթե որեւէ ձեւով որեւէ բան սկսվի մեր երկրում, ուրեմն մեր այսօրվա իշխանություններն են հրահողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ մայիսի 9-ին՝ առավոտյան ժամը 11-ին Աբովյանից շարժվելու են դեպի Երեւան, որտեղ Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու։ «Վաղը մայիսի 9-ն է, մեր գողացված կենսագրության մի մասնիկը, մեր եռատոնը փչացված ու գողացված է, մենք էլ՝ անպատված։ Վաղը պետք է մեր կենսագրության վերականգման մեկնարկը լինի»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031