Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կորցրել է իր բովանդակությունը, մինչդեռ 32 տարի առաջ այսօրը Շուշիի ազատագրման համար մարտերն էին ընթանում…». Համայնքի ղեկավար. «Ա1+»

Մայիս 08,2024 23:23

Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր թշնամու ուղիղ նշանառության տակ։

«Այս ձորակում 2020-ին համառ մարտեր էին ընթանում, որոնց ընթացքում հանդիպակաց տարածքները հայկական 6 գյուղերի հետ թշնամին օկուպացրել էր։ Նոյեմբերյան եռակողմ համաձայնագրից հետո հազարավոր հայրենակիցների նման սարուշենցիները ևս վերադարձան գյուղ։ 2020-ից հետո գյուղից արտագաղթ չի եղել, շարունակել են գործել բոլոր ենթակառուցվածքները։ Նույնիսկ միջոցներ էինք ձեռնարկում ազատ բնակֆոնդը վերանորոգելու և բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կացարաններով ապահովելու համար»,- պատմում է համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը։

Ասում է՝ ռուս խաղաղապահներն օղակված Արցախում էին, և թվում էր ամեն ինչ վերահսկողության տակ է։

«Սակայն գնալով թշնամին աստիճանաբար ամեն կողմից սեղմում էր օղակը։ Փառուխ-Քարագլխի դեպքերը, գյուղատնտեսական աշխատանքներին անընդհատ խոչընդոտելը՝ նույնիսկ շրջափակման ժամանակ, արդեն ենթադրում էին թշնամու մտադրությունները»։

Մեկօրյա պատերազմում 12 սարուշենցի է զոհվել։ Եվս 4 հոգի, որ հրաշքով փրկվել էին ռազմական գործողություններից, զոհ գնացին բենզինի արտահոսքի հետեւանքով պայթյունին։

«Բոլոր աճյունները գաղթի ժամանակ կարողացել ենք տեղափոխել։ Տղաներն այժմ Եռաբլուր պանթեոնում են, այնտեղ ենք հիմա հիշատակման բոլոր օրերին։ Եռաբլուրն ինձ համար ամենաթանկ վայրն է դարձել»։

Բռնի տեղահանվելուց հետո համայնքի բնակիչները բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մարզերում։ Համայնքի ղեկավարը մշտական կապի մեջ է համագյուղացիների հետ, գիտի բոլորի տեղակայման վայրերը, հնարավորության սահմաններում սատարում է նրանց։

«Մեծ է ցավն ու ափսոսանքը, անչափ ծանր մեր տղաների ու Հայրենիքի կորուստը։ Համառ կամքով են սարուշենցիները։ Այնքան դժվարությունների միջով անցնելուց և ամեն ինչ կորցնելուց հետո էլ նրանցից շատերն այստեղ ձեռնունայն նստած չեն։ Աշխատում են կրկին ստեղծել»,- ասում է

«Ամեն ինչ կորցրել է իր բովանդակությունը, մինչդեռ 32 տարի առաջ այսօրը Շուշիի ազատագրման համար մարտերն էին ընթանում»,-  նշում է Կարեն Գասպարյանը։

 

Անահիտ Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031