Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը տուրք տալով համայնքի որոշակի հատվածի, օգտագործելով Համբարձման տոնի առիթով մատուցվող Սուրբ Պատարագի «հարմարագույն առիթը», մայիսի 9-ին, Ս. Սարգիս եկեղեցում, կազմակերպել է հակահայաստանյան համահավաք:
Այսպիսով, փաստորեն, ԹՀԹ Թեմական խորհուրդը բացահայտ կերպով ապականում է եկեղեցին, քանի որ համաքրիստոնեական տոնի առիթով եկեղեցի այցելող պետականամետ հանրությունը պետք է օգտագործվի չար նպատակների համար և ներկայացվի որպես հակապետական զանգված:
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, որպես համահայկական կառույցի, նվիրական պարտքն է համերաշխություն և միասնություն քարոզել և իր բոլոր զավակներին վերաբերվել հավասարապես ու չենթարկվել որևէ հատվածի քմահաճույքի:
Իսկ Թեհրանի Թեմական խորհրդի լիազորությունը սահմանափակվում է հայ համայնքով, այնպես որ նա անելիք չունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում:
Կարդացեք նաև
Ուստի.
ԹՀԹ Թեմական խորհրդին հորդորում ենք մնալ թեմի կանոնադրությամբ գծված իր առաքելության սահմաններում, համայնքի անունը չարատավորել նման քայլերով՝ չենթարկվել ՀՅԴ կուսակցության արկածախնդրական և անպատասխանատու հրամաններին, որոնք իրենց տաքուկ տներում նստած Հայաստանին պատերազմի մեջ մտնելու կոչ են անում, խաթարելով նրա այսօրն ու ապագան:
ՀՄՄ «Րաֆֆի» համալիր,
Իրանահայ ազգային և մշակութային միություն,
Աշխարհատեսների հայկական կենտրոն – Մաջիդիե քաղաքամաս,
Միասնության Դաշինք,
«Արաքս» շաբաթաթերթ