Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտական Եղբայրությունը» համարում է, որ ներկա կառավարության կուրսն իրեն լիովին սպառել ու ձախողել է, և չունի որևէ հեռանկար

Մայիս 08,2024 19:22

Երեկ Մարտական Եղբայրությունը հրապարակել էր իր քաղաքական հարցարանը՝ ուղղված ակտիվ քաղաքական շարժումներին և ուժերին։

Այսօր հրապարակում ենք մեր պատասխանները։

  1. 2020-ի նոյեմբերի 9-ի Հռչակագրի վերաբերյալ

▪️1.1. Արդյո՞ք համարում են, որ ճիշտ էր 2020 թ. նոյեմբերի 9-ին համաձայնելը պատերազմի դադարեցմանը, Ադրբեջանի բանակի կողմից չզբաղեցրած տարածքների հանձնմանը և ռուսական խաղաղապահ զորքի` Արցախ մուտք գործելուն:

Եթե ճիշտ չէր, ապա ո՞րն էր այլընտրանքը:

▪️Մարտական Եղբայրությունը սխալ է համարում նոյեմբերի 9-ին պատերազմի դադարեցումը, ինչի այլընտրանքն էր զորքերի դուրս բերումը Ստեփանակերտից, Մարտունիից ու Ասկերանից և դիմադրության շարունակումը Քարվաճառ-Լաչին-Սարսանգ-Վանք գծով, ինչը նաև կփախցներ հողը ռուսական խաղաղապահ զորքի տեղադրման ծրագրի տակից և թույլ կտար սպասել ավելի բարենպաստ միջազգային իրավիճակի:

▪️1.2. Արդյո՞ք ճիշտ են համարում, որ այսօր Հայաստանն իր ստորագրությունը հետ կանչի նոյեմբերի 9-ի Հռչակագրից` հաշվի առնելով նաև, որ այդ Հռչակագրի որևէ կետ չի գործում, բացի ռուսական վերահսկողությամբ Նախիջևան-Ադրբեջան կապի ապահովման պահանջից, որը ներկայացվում է Հայաստանին:

▪️Մարտական Եղբայրությունը ճիշտ է համարում նոյեմբերի 9-ի Հռչակագրից անհապաղ հրաժարումը: Վերը նշված հանգամանքներից զատ, այդ Հռչակագիրը չի ապահովում և չի կարող ապահովել հաշտության վիճակ, քանի որ զինադադարը վերաբերում է բացառապես Լեռնային Արցախի հակամարտության գոտուն, որն այլևս գոյություն չունի, և որի մասը չէ Հայաստան-Ադրբեջան սահմանը:

▪️1.3. Ինչպե՞ս են գնահատում 2020 թ. պատերազմի արդյունքը. արդյո՞ք պարտությունն անխուսափելի էր, արդյո՞ք պետք էր կանխել պատերազմը՝ համաձայնելով «Լավրովյան պլանին», արդյո՞ք պետք էր պատերազմը սկսվելուց հետո օր առաջ համաձայնել դրա դադարեցմանը` առաջարկվող պայմաններով:

Մարտական Եղբայրությունը համարում է, որ պարտությունը ճիշտ քաղաքական ղեկավարման դեպքում կանխորոշված և անխուսափելի չէր լինի, իսկ պատերազմը կանխելն անհնարին էր։

  1. Խաղաղության պայմանագրի (ԽՊ)-ի վերաբերյալ

▪️2.1. Ինչպե՞ս են վերաբերվում ԽՊ-ի հեռանկարին: Արդյո՞ք իրատեսական են համարում այն և ի՞նչ պայմաններով: Ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը շարունակում է պնդել Զանգեզուրի միջանցքի պայմանը: Արդյո՞ք համարում են, որ միջանցքի պայմանը ոչ միայն թուրք-ադրբեջանական է, այլև ռուսական:

▪️Մարտական Եղբայրությունն անիրատեսական է համարում ԽՊ-ի կնքումը, եթե Հայաստանը չի կատարում թշնամու բոլոր պահանջները, այդ թվում՝ չի տրամադրում Զանգեզուրի միջանցքը: Միջանցքի տրամադրումը ՄԵ-ն համարում է ոչ միայն թուրք-ադրբեջանական, այլ նա՛և ռուսական պայման։

▪️2.2. Արդյո՞ք համարում են, որ ստեղծված պայմաններում Հայաստանի միակ ելքը վերադարձն է ուժային քաղաքականությանը, ուժին ուժով պատասխանելուն և հայ ժողովրդի` նորից ուժային գործոնի վերածվելուն: Եթե այո, ապա ինչպե՞ս:

▪️Մարտական Եղբայրությունը միակ ելքը տեսնում է հայ ժողովրդի՝ կրկին ուժային գործոնի վերածվելու և ինքնիշխան պետությանը բնորոշ՝ ուժին ուժով պատասխանելու քաղաքականությանը վերադառնալու մեջ: Դա պետք է արվի՝ այդ թվում պաշտպանության ոլորտի արմատական բարեփոխմամբ:

▪️2.3. Արդյո՞ք համարում են, որ գոյություն ունի ռուս-ադրբեջանական համագործակցություն, և որ հնարավոր չէ Ադրբեջանի հետ առանձին հաշտության գալ՝ անտեսելով ռուսական գործոնը:

▪️Մարտական Եղբայրությունը համարում է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը գոյություն ունի, և Ադրբեջանի հետ առանձին հաշտությունը, անտեսելով ռուսական գործոնը, պատրանք է:

  1. Սահմանազատման և տարածքային ամբողջականության վերաբերյալ

▪️3.1. Արդյո՞ք համարում են, որ ներկա փուլում ընդհանրապես հնարավոր է և պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցկացնել սահմանազատում։ Եթե այո, ապա ինչու և ինչպես, եթե ոչ, ապա ինչու:

▪️Մարտական Եղբայրությունը համարում է, որ սահմանազատումը ներկա փուլում անիմաստ է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԽՊ-ի կնքման իրական հեռանկար չկա, և Հայաստանի դեմ շարունակվում է և շարունակվելու է փաստացի պատերազմը: Դրա փոխարեն պետք է երկիրը պատրաստել պաշտպանության:

▪️3.2. Արդյո՞ք համարում են, որ Հայաստանի լեգիտիմ սահմանները Սովետական Հայաստանի սահմաններն են, և որ Ալմաթիի հռչակագիրը Հայաստանի տարածքային ամբողջականության միջազգային հիմքն է։

▪️Մարտական Եղբայրությունը չի համարում, որ Սովետական Հայաստանի սահմանները Հայաստանի միակ լեգիտիմ սահմաններն են: ՄԵ-ն համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն չունի լեգիտիմ միջազգային սահման՝ մանավանդ հաշվի առնելով, որ Ադրբեջանն իր Սահմանադրությամբ փաստացի չի ճանաչում սովետական սահմանները: Հայաստանի և Ադրբեջանի սահմանները պետք է որոշվեն նոր միջազգային գործընթացով:

▪️3.3 Արդյո՞ք ճիշտ են համարում ներկա կառավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը 2022-23 թթ.։

▪️Մարտական Եղբայրությունն այդ ճանաչումը համարում է քաղաքական հանցանք, հատկապես որովհետև դա արվել է ԽՊ-ի մոտալուտ կնքման հույսով, ինչն իրականություն չի դարձել, այլ հակառակը՝ Հայաստանի դեմ փաստացի պատերազմն ու ուժային վերջնագրերը շարունակվել են:

  1. Պաշտպանության ոլորտի բարեփոխումներ

▪️4.1. Ինչպե՞ս են պատկերացնում երկրի Պաշտպանության ոլորտի բարեփոխումը: Արդյո՞ք ունեն մշակված հայեցակարգ: Արդյո՞ք ունեն անցած պատերազմում պարտության պատճառների վերլուծության փորձ: Արդյո՞ք համարում են, որ պետք է փոխվեն բանակի մոդելը և տակտիկան: Արդյո՞ք ունեն պատկերացում հաջորդ պատերազմի բնույթի, տևականության, հնարավոր ուղղությունների մասին:

▪️Մարտական Եղբայրությունը համարում է, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքում պետք է ընկած լինի հանրայնորեն ներկայացված և քննարկված հայեցակարգային մոտեցում, քանի որ հարցը ոչ թե ռազմատեխնիկական է, այլ քաղաքական: Պետք է փոխվեն բանակի մոդելը, մարտավարությունը և պաշտպանության փիլիսոփայությունը: Հայաստանը չի կարող պաշտպանվել պասիվ պաշտպանությամբ, այլ պետք է ունենա ակտիվ պաշտպանության մոդել, որը ենթադրում է արագ, նախաձեռնող, կանխարգելիչ հարվածների պատրաստ, պատերազմը թշնամու տարածք տեղափոխող զինուժ:

▪️Մենք համարում ենք, որ անցած պատերազմում պարտության հիմնական պատճառը, քաղաքական ղեկավարման ձախողումից զատ, ռազմական ոլորտում՝ տակտիկականն էր: Հայկական կողմի պասիվ պաշտպանողական, քարացած սովետական մոդելին հակադրվեցին հակառակորդի արագ գործող, հատուկ պատրաստված արագ խմբերի թիկունքային գործողությունները, ինչն ազգային խայտառակություն է, քանի որ նման գործելաոճը պետք է բնորոշ լիներ մեզ, այլ ոչ թե թշնամուն:

  1. Անկախության վերաբերյալ

▪️5.1 Արդյո՞ք հնարավոր են համարում Հայաստանի անկախության հարցում որևէ փոխզիջում, սահմանափակում, օրինակ` որևէ վերպետական կառույցին Հայաստանի անդամագրում՝ «հանուն անվտանգության» և այլ պատճառաբանություններով:

▪️Մարտական Եղբայրության համար Հայաստանի անկախությունն անսակարկելի է, և որևէ վերպատական միությանն անդամակցելը ՄԵ-ն համարում է անիմաստ և անհեռանկար: Կարևոր չէ՝ խոսքը ռուսական, թե արևմտյան ուղղվածության մասին է:

▪️5.2. Ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի իրական անկախության կառուցումը, հատկապես տնտեսական ոլորտում (էներգետիկա, հանքարդյունաբերություն և այլն) արտաքին ուժերից կախվածության նվազեցումը, եթե առհասարակ այդ հարցն արդիական են համարում:

▪️Մարտական Եղբայրությունն իր ծրագրերն է մշակում այդ ուղղությամբ և մոտակա հեռանկարում կներկայացնի հանրությանը:

  1. Իշխանափոխության և հեղափոխության վերաբերյալ

▪️6.1. Արդյո՞ք համարում են, որ ներկա կառավարության քաղաքական կուրսը լիովին սպառել է իրեն և այլևս չունի որևէ հեռանկար:

▪️Մարտական Եղբայրությունը համարում է, որ ներկա կառավարության կուրսն իրեն լիովին սպառել ու ձախողել է, և չունի որևէ հեռանկար: Այսօրվա կառավարությունը պետք է հեռանա հեղափոխությամբ կամ ընտրություններով այն պահին, երբ հասարակության մեծ մասը, որն այսօր արդեն չի ընդունում ներկա կառավարությանը, ի զորու կլինի իրենից ձևավորել կազմակերպված և հայաստանակենտրոն քաղաքական ուժ: Ներկա կառավարությունը պետք է քաղաքական և իրավական պատասխանատվության ենթարկվի պատերազմում պարտության և հետպատերազմյան ձախողված քաղաքական կուրսի ու կորուստների համար:

▪️6.2. Արդյո՞ք համարում են, որ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, եթե ոչ` բոլորը հավասարապես, ապա ամենքն իր չափով պատասխանատու են պարտության և դրա հետևանքների համար, և չպետք է այլևս քաղաքական դաշտի առանցքային մասը կազմեն, այլ պետք է զրկվեն տնտեսական, ֆինանսական, լրատվական և քաղաքական ռեսուրսների մեծամասնությանը տիրապետելուց:

 

Մարտական Եղբայրությունը համարում է, որ բոլոր նախկին իշխանություններն իրենց չափով պատասխանատու են և հանուն Հայաստանի անվտանգության ու անկախության՝ պետք է զրկվեն ռեսուրսների մեծամասնությանը տիրապետելուց: Նրանք պետք է ըստ անհրաժեշտության պատասխանատվության ենթարկվեն, հատկապես այն ուժերն ու գործիչները, որոնք պատերազմի ժամանակ փաստացի համագործակցել են թշնամի ուժերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031