Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելական ներխուժում Ռաֆահ քաղաքում. մարդասիրական աջակցությունը Գազային կանգնեցված է

Մայիս 08,2024 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԱՄԱՍ-ի հետ ընթացող բանակցությունների ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱՀԱԼ-ի տանկային բրիգադը «օպերատիվ վերահսկողության» տակ է առել Ռաֆահի՝ Գազայի հատվածում գտնվող տարածքի նկատմամբ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Ըստ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ «հակաահաբեկչական գործողության» նպատակներն են՝ պատանդների վերադարձը և ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։

Հստակ չէ՝ արդյո՞ք սա Իսրայելի կողմից երկար նախատեսված ռազմական գործողության մեկնարկն է Ռաֆահում։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին տեղեկացրել է, որ սա լայնամասշտաբ ներխուժում չէ, որին մշտապես դեմ է արտահայտվել նախագահ Ջո Բայդենը։

Իսրայելի քայլը դատապարտել է Գազային Ռաֆահով սահմանակցող և ընթացող բանակցություններում ներգրավված Եգիպտոսը։

Այնուամենայնիվ, հրեական պետության պաշտպանության նախարար Յոոավ Գալանտը չի բացառել, որ գործողությունը կարող է ընդլայնվել։

Երեկ ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ համաձայն է Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի առաջարկին, սակայն Իսրայելի ղեկավարի պնդմամբ՝ փաստաթուղթը չի համապատասխանում Իսրայելի հիմնական պայմաններին։ Կողմերին չի հաջողվում համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված 100 անձի վերադարձի կարգի վերաբերյալ։ Կահիրեում բանակցությունները շարունակվում են։

ՄԱԿ-ը մտահոգված է, որ ՑԱՀԱԼ-ի գործողության հետևանքով Ռաֆահի անցակետով պաղեստինցիներին հասցվող մարդասիրական աջակցությունը կարող է խաթարվել։ Սա այն ֆոնին, երբ, ըստ պաշտոնյանների՝ Գազայի հյուսիսն ամբողջությամբ սովի է մատնված։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Օսամա Համդան Բեյրութից հայտարարել է, որ Ռաֆահում որևէ «օկուպացիոն ուժի» ներկայություն չեն հանդուրժելու։

Ռաֆահի անցակետը Գազայի հատված մուտքուելք կատարելու, ինչպես նաև մարդասիրական աջակցություն հասցնելու կարևորագույն օղակ է Հատվածի 2,3 միլիոն բնակչության համար։ Ռաֆահյի և Իսրայելի հետ սահմանին գտնվող Կարեմ Աբու Սալեմ անցակետերը մի քանի օր է, ինչ չեն գործում։ ՄԱԿ-ից հայտնում են, որ սննդով և ջրով բեռնատարերին ևս թույլ չեն տալիս մուտք գործել Ռաֆահ։

Ըստ Associated Press-ի ձեռքի տակ գտնվող տվյալների՝ երկուշաբթի գիշերը Ռաֆահում 23 բնակիչ է զոհվել։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացնում է՝ Գազան մի քանի ժամում կարող է սպառել իր վառելիքի պաշարը, եթե մարդասիրական աջակցության համար մուտքը կրկին չարտոնվի։

Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ ընդգծել էր, որ հրադադարի հաստատման հնարավորությունը չի կարելի բաց թողնել և Իսրայելի Կառավարությանն ու ՀԱՄԱՍ-ին հորդորել էր ջանք չխնայել «այդքան անհրաժեշտ համաձայնությանը հասնելու համար»։

Նա նաև հայտարարել էր՝ Ռաֆահում «ցամաքային ներխուժումն անհանդուրժելի կլինի դրա ավերիչ մարդասիրական հետևանքների և տարածաշրջանում դրա ապակայունացնող ազդեցության պատճառով»:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031