Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն այսօր ուղիղ եթերում հայտնել է Բաղանիս- Ոսկեպար հատվածում կատարած իրենց դիտարկումների մասին:
Դիտարկումներն արվել են այն հատվածում, որտեղ սահմանագիծն անցնում է ադրբեջանաբնակ նախկին 2 գյուղերի եւ ՀՀ կողմից Բաղանիս- Ոսկեպար հայկական հինավուրց գյուղերի միջեւ:
«Աղոտ տեսանելի էին Բաղանիս Այրումին ու Բաղանիսին պատկանող հողերի միջեւ սահմանազատման սյուները, բայց դատելով քարտեզից եւ բարձունքից երեւացող պատկերից՝ կարծեք թե այդ գյուղը որոշակիորեն կիսվել է հայկական եւ ադրբեջանական հատվածի: Խոսքը վերաբերում է Ալիեւի կողմից հիշատակված 4 գյուղերից մեկին՝ Բաղանիս Այրումին, որն, ըստ Ալիեւի, իբրեւ թե օկուպացված էր հայկական կողմից, այդ գյուղում 17-18 տներ, գրեթե մեկ թաղամաս, ըստ էության, մնացել է ՀՀ-ին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Տավուշում ընթացող սահմանագծման խնդիրներին:
Տավուշցիներին հանգստացնելու համար, պարոն Սաֆարյանը շեշտեց, որ նշված հատվածներում շուրջօրյա հերթապահություն կա ե՛ւ ոստիկանության ե՛ւ սահմանապահ զորքերի կողմից. «Երեկ կայքերից մեկը աղաղակել էր Խեյրիմլիի մոտ ադրբեջանական հատուկ ջոկատայինների ներկայության փաստը: Ես, ի դեպ, օրեր առաջ գրեթե ակնարկել էի, որ սահմանազատված հատվածի ողջ երկայնքով սահմանային բավականին կանոնավոր հերթապահություն կա, լուսանկարելիս նկատել էի այն, ինչ ընդդիմադիր կայքերը հրապարակեցին, ես ժամանակին տեղեկացրել էի, ՊՆ-էլ երեկ հերքեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ հատուկ ջոկատայիններին, որոնք բավականին օպերատիվ տեղաբաշխվել են տարածքում սահմանապահ զորքերի հետ միասին ու շուրջօրյա հերթապահություն են իրականացնում»:
Կարդացեք նաև
Սաֆարյանը նաեւ անդրադարձավ, թե ինչ է փոխվել սահմանազատումից հետո. «Սահմանազատումից հետո տարածաշրջանը հայտնվել է նոր իրավիճակում. 30 տարի բնակվում ես թուրքերից մեկ այլ հեռավորության վրա, հիմա հայտնաբերում ես, որ նրանց մոտիկության աստիճանը փոխվել է: Նախկինում էլ այնպես չէ, որ տարածքը այսպիսի աշխարհագրություն չի ունեցել, Աշաղի Ասկիպարա երբեւէ չենք էլ մուտք գործել, որովհետեւ Ոսկեպարի եկեղեցուց անդին հատվածները եղել են ականապատված, նույնիսկ այնտեղ ցուցանակներ կային ականապատված լինելու ու մուտքի արգելքի մասին»:
Ըստ Սաֆարյանի՝ Ոսկեպարի եկեղեցուց դեպի աջ տարածքն էլ ավելի է մեծացել, որովհետեւ նախկինում այդ չափով չէր, որ կարող էինք հեռանալ եկեղեցուց. «Այժմ այն, ինչ փոխվում է, ադրբեջանցիների հնարավոր վերադարձի դեպքում այս գյուղ, բավականին բարդ է լինելու նրանց համար հաստատվել այստեղ, երբ գիտես, որ այն ծառի տակ ՀՀ սահմանապահ դիտակետերն են, դիմացի բարձունքներում հայկական պաշտպանական դիրքերն են եւ միայն հեռավոր թիկունքն է, որտեղ ադրբեջանական հենակետեր են: Այստեղ կարեւորն այն է, որ սահմանազատումից հետո այս հատվածներում հայկական կողմը պետք է մեկ քայլ առաջ անցնի, կարեւորը՝ այսօր բուն սահմանի կահավորումն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ