Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրիս պարտքն է անընդհատ խոսել Շուշիի, նրա ազատագրման օրվա եւ պատմական նշանակության մասին. Հովիկ Ավանեսով

Մայիս 08,2024 16:34

«1992 թ. հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից մայիսի 8-9 ընկած ժամանակահատվածում իրականացվեց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարեւոր նշանակություն ունեցավ Արցախի ազատագրական պայքարում»,-նշեց Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում անդրադարձավ Շուշիում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանությանը։

«Չնայած այն հանգամանքին, որ 2020թ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից հետ Շուշի բերդաքաղաքն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, մեզնից յուրաքանչյուրի պարտքն է անընդհատ խոսել Շուշիի,նրա ազատագրման օրվա, ունեցած պատմական նշանակության մասին»,-նշեց Հովիկ Ավանեսովը:

«Հարկ ենք համարում նշել, որ դեռեւս 1920թ. մարտի 23-ին, երբ Շուշիում իրականացվեց ցեղասպանություն, այդ ժամանակահատվածում սկսեցին ոչնչացնել նաեւ հայկական մշակութային ժառանգությունը: Սա Ադրբեջանի քաղաքականությունն է, եւ այդ արհեստածին կազմավորումը իր ձեւավորման առաջին օրերից սկսած՝ 1918-ից որդեգրել էր հայկական մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականություն, որն էլ համարվում է ադրբեջանական հակահայկական քաղաքականության մաս»,-ասաց Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը:

Նրա խոսքով. «Երբ 1920թ. մարտի 23-ին Շուշիում իրականացվեց ցեղասպանություն, ոչնչացվեցին նաեւ պատմական նշանակության բազմաթիվ շենքեր եւ շինություններ, թիրախավորվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, հայկական բազմաթիվ դպրոցներ, մշակութային օջախներ… Սա 1915թ Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, հետագայում եւս մենք նման ցեղասպանական քաղաքականության ականատես եղանք: Դա հետեւանքն է այն բանի, որ 1915թ Հայերի ցեղասպանությունն արժանի իրավական գնահատական չի ստացել, իրականացնողները չեն պատժվել… Հայտնի քաղաքականությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման, Ադրբեջանը շարունակեց նաեւ Խորհրդային շրջանում»:

Հովիկ Ավանեսովը փաստեց, թե ինչպես են խորհրդային շրջանում հայկական պատմամշակութային հուշարձանները, եկեղեցիները, պատմական նշանակության շենք-շինությունները հիմնովին ավերվել, դրանց տեղում կառուցվել են ադրբեջանական դպրոցներ եւ շենքեր. «Այդ ժամանակահատվածում եւս Ադրբեջանի նպատակն էր ոչնչացնել հայկական քաղաքակրթության հետքերը, եւ նմանատիպ փաստերը բազմաթիվ են: Մինչեւ 1992թ Շուշիի ազատագրումը՝ Շուշիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին օգտագործվել է ռազմական նպատակներով, եկեղեցու տարածքում տեղակայված էին հրթիռային կայանքներ, որոնք նախատեսված էին Գրադ համազարկային կառույցների համար, որով էլ Ստեփանակերտը եւ հարակից տարածքները ռմբակոծվում էին՝ մինչեւ 1992թ Շուշի բերդաքաղաքի ազատագրումը: Բերդաքաղաքի ազատագրումից հետո Շուշիի մշակութային ժառանգությունն անընդհատ ենթարկվում էր յուրացման Ադրբեջանի կողմից, կեղծվում էր Շուշիի պատմությունն ու իսկությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031