Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մայիսի 7-ին մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին։
Միջոցառման շրջանակում քննարկվել են նաև խոշտանգումների կանխարգելման ու բռնի տեղահանված անձանց, փախստականների իրավունքներին առնչվող հարցեր։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է խոշտանգումներին և վատ վերաբերմունքի այլ ձևերին առնչվող գործերի արդյունավետ քննության կարևորությունը: Պաշտպանն ընդգծել է նշված գործերի քննության առանձնահատկությունների առնչությամբ իրավապահ մարմինների կարողությունների բարելավման և դրան ուղղված համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի գործունեությանը, որի կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
«Խոշտանգումների կանխարգելման խորհուրդը շատ կարևոր հարթակ է ոլորտային հարցերի շուրջ լսելու քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին` նրանց մտահոգությունները նաև պետական մարմիններին հասցնելու առումով»,-նշել է Պաշտպանը։
Միջոցառման մասնակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, կարևորել նրանց իրավունքների պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգերի մշակման և գործադրման անհրաժեշտությունը, ընդգծել նաև միջազգային կազմակերպությունների դերակատարությունը այս գործընթացում։
Անահիտ Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը և աջակցության բարձրացումը բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցում` նկատի ունենալով այն, որ վերջիններս հաճախ հետապնդումների և վատ վերաբերմունքի այս կամ այն դրսևորումների զոհ են, և նրանց խնդիրները պետք է ստանան առանձնահատուկ կառուցակարգերով պատշաճ հասցեավորում։ Այս համատեքստում Պաշտպանը հանդես է եկել մի քանի առաջարկություններով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ