ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գրետա Սահակյանը, որ ի թիվս այլոց, ԱԺ մուտքի մոտ բողոքի ցույցի էր մասնակցում, լրագրողների հետ զրույցում նշեց. «Սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում են այն պայմաններում, երբ արդեն նորմալ հարաբերություններ են ձեւավորված լինում, այսինքն` պետք է լինի խաղաղություն: Բայց փաստորեն, մենք սահմանագծման եւ սահմանազատման միջոցով ենք փորձում հասնել Ադրբեջանի հետ խաղաղության, ինչը տրամաբանական չէ եւ չի կարող միջոց լինել խաղաղության հասնելու համար»:
«Օրինակ, մեր հարեւան Վրաստանի հետ էլ դեռեւս կան չճշտված սահմաններ, բացի այդ՝ հիմք ընդունելով վարչապետի այն հայտարարությունները, որ գործընթացը կասեցնելը կհանգեցնի պատերազմի, չնայած գործընթացն էլ չի ապահովագրում պատերազմից, եզրակացնում ենք, որ այն կառույցը որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն չի կարողանում, այլեւ կնքում է համաձայնագիր Ադրբեջանի հետ՝ սպառնալիքի ներքո: Ի դեպ, միջազգային օրենքներով՝ սպառնալիքի ներքո կնքված ցանկացած պայմանագիր անվավեր է համարվում »,-նշեց ուսանողուհին:
Գրետա Սահակյանը հավելեց, որ քաղաքագիտության ֆակուլտետի իր ընկերների հետ ստեղծել են գիտական ուսումնասիրությունների կենտրոն, որտեղ իրականացրել են ուսումնասիրություն՝ սահմանազատման թեմայով. «Դրա շրջանակներում մենք ուսումնասիրեցինք Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ, սահմանազատման, սահմանագծման գործընթացները, բանակցման արվեստը: Այսպիսով` եկանք այն եզրահանգման, որ այս պարագայում թե իրավական հիմքն է բացակայում, թե քաղաքական հիմքերն են թույլ՝ բանակցային առումով… Մենք պահանջում ենք կասեցնել այս գործընթացը, քանի որ այն հակասահմանադրական է, նաեւ հակաբարոյական: Նույն պահանջով մեր սրբազան հայրերից մեկը՝ Բագրատ սրբազանն է երթ սկսել Կիրանցից եւ վաղը կհասնի Երեւան»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ