Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը մեկնարկել է Չարենցավանից:
Լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, խոսելով Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին՝ ասաց. «Այն պահանջները, որ այստեղ կան, միայն այս շարժմանը չեն, իրականում ամբողջ ժողովրդինն են: Եթե պահանջները ժողովրդի կողմից փոխվեն, անպայման մեր կողմից էլ են փոխվելու: Բայց մենք այսօր շարժվում ենք այն օրակարգով, որի մասին խոսել ենք»:
Հարցին՝ մտահոգիչ լուրերը Կիրանցից շարունակվում են, ի՞նչ կասեք այդ մասին՝ Սուրեն Պետրոսյանը պատասխանեց, որ ամբողջ բեռը թողել են գյուղացիների վրա. «Հանրային հեռուստաընկերությունը՝ մեր հարկերից սնվող, ինչի՞ համար է նոր միայն անդրադառնում դրան: Մենք երկու ամիս է, այնտեղ ենք եղել, տեսե՞լ եք մեկ Հ1-ի լրագրող փորձի գա ու իրավիճակը հասկանա, հենց մենք այնտեղից դուրս ենք եկել, նոր հետադարձ գնացել են, փորձել են այնտեղ մարդիկ գտնել, որոշ բառեր կորզել մարդկանցից, որ իրականությունը այդպես ներկայացնեն, մոլորության մեջ գցեն»:
Սուրեն Պետրոսյանը պատմեց. «Երբ Կիրանցում ճանապարհը նոր էինք փակել, մարզպետը եկավ, խոսակցություն եղավ բնակիչների հետ, բնակիչներից մեկն ասաց՝ այն սահմանը, որը դուք գծում եք, իմ տունը մնում է Ադրբեջանին, ասաց՝ իսկապե՞ս, բա բերեք մի հատ նայենք, կադաստրի վկայական կա՞: Այս մարդիկ պարբերաբար ուզում են ստերով ժամանակ շահել: Այս մարդիկ չգիտեն՝ ինչ է պետություն ասվածը, իրենց հարցրեք՝ ի՞նչ է, կարող եք նույնիսկ 5 րոպե ժամանակ տալ, որ Վիքիփեդիայից օգտվեն»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Փաշինյանի հրաժարականի հնարավորություն անձամբ տեսնո՞ւմ եք՝ Սուրեն Պետրոսյանը պատասխանեց. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին,հետեւաբար, այդ բոլոր հարցերը ժողովուրդն է լուծելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ