Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ չունենանք ուժեղ Հայաստան, մենք Արցախ հետ գնալու հույս չենք կարող ունենալ»․ Ալվարդ Զաքարյան

Մայիս 08,2024 15:24

«Մինչեւ չունենանք ուժեղ Հայաստան, մենք Արցախ հետ գնալու հույս չենք կարող ունենալ։ Իսկ այն շարժումը, որը սկսել է սրբազանը, մեզ համար հույս է՝ տուն վերադառնալու։ Մեծ հույս ունենք, որ չարիքի, սեւի դեմ պայքարը, լույսի համար պայքարը հաջողության կհասնի։ Անհնար է, որ սատանան հաղթի։ Բոլորս հավատով հետեւում ենք Բագրատ սրբազանին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության համակարգողներից Ալվարդ Զաքարյանը։

Նախաձեռնության անդամները՝ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ, Մատենադարանի մոտից երթով շարժվեցին Կոտայքի մարզի Աբովյան քաղաք՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Շարժման անդամներն այսօր կլինեն Աբովյան քաղաքում, իսկ վաղը՝ 16․00-ին Երեւանում, Հանրապետության հրապարակում համահայկական հանրահավաք են հրավիրել։

Ըստ բանախոսի, չորս տարի հետո, կապ չունի՝ երիտասարդ, թե տարեց, բոլորի մոտ մեծ հույս է առաջացել, որովհետեւ լույս է բացվել․ «Արժանապատվությունից զրկված լինելով, ամեն օր նոր ստորություն սպասելով, ամեն օր պատերազմի վտանգի մեջ, ամեն օր հայրենիքից մի մաս հանձնելով՝ մենք չենք կարող երջանիկ ապրել։ Մենք պետք է ցույց տանք, որ տավուշցիների կողքին ենք, սատար ենք իրենց։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ի՞նչ են զգում Տավուշի մեր հայրենակիցները, քանի որ այդ ամենն արդեն մեկ տարի առաջ անցել ենք»։

Ալվարդ Զաքարյանը շատ մեծ հույս ունի, որ վաղը Հանրապետության հրապարակը մարդաշատ կլինի, ինչն էլ գործող իշխանության համար ազդակ կլինի, որ ժամանակը եկել է ու իրենք պետք է գնան։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Բագրատ սրբազանն իշխանափոխության հարց չի բարձրացնում, նա արձագանքեց․ «Եթե լույսը հաղթի, խավարասերները կգնան»։

Ալվարդ Զաքարյանն իրատեսական է համարում արցախցիների Արցախ վերադարձը․ «Մենք իրավունք ունենք ետ գնալ մեր տները, դա միջազգային իրավունքով ամեն կերպ պաշտպանված է, բայց այս իշխանությունները երբեք, ոչ մի հարթակում դա չեն բարձրաձայնում»։

Հարցին՝ Հայաստանի վարչապետն ասում է, որ Տավուշում սահմանազատման-սահմանագծման գործընթացի կասեցումը սպառնում է պատերազմով, ինչին տանում է այս շարժումը, բանախոսն արձագանքեց․ «Տարածքներ տալով խաղաղություն չեն բերում, պատերազմն ենք մոտեցնում։ Խաղաղություն ենք ուզում՝ պիտի պայքարենք։ Շատերը՝ մեր հայրերը, եղբայրները, այս անարժանապատիվ կյանքը նախընտրում են պատերազմում արժանապատիվ պայքարելուց, անգամ զոհվելուց»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031