ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Քնարիկ Սահակյանը, ի թիվս այլ ուսանողների, ԱԺ մուտքի մոտ բողոքի ցույցի էր մասնակցում:
«Մենք մտահոգված ուսանողներ ենք, որոնք ապաքաղաքական են, ոչ մի կուսակցական կողմնորոշում չունենք, մենք մեր պարտքն ենք համարում բարձրաձայնել այն բոլոր խնդիրների մասին, որոնք առկա են այս պահին Հայաստանի Հանրապետությունում եւ ունենալ դիրքորոշում՝ որպես գիտական հանրույթի ներկայացուցիչներ»,-ասաց նա:
Քնարիկը տեղեկացրեց, որ 2 օր առաջ ստորագրահավաք են սկսել եւ արդեն ավելի քան 200 հոգի միացել է , այդ թվում՝ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից եւ Բրյուսովի անվան համալսարանից:
«Հավաքն ուսանողական է, փորձել ենք ուսանողների լայն շրջանակ ներգրավել, դասախոսական կազմի հետ համագործակցություն չի եղել, բայց դասախոսների կողմից խոչընդոտումներ չեն եղել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրի, այդ թվում դասախոսների պարտքն է թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը կործանվի, ու գնան միակողմանի զիջումների»:
Կարդացեք նաև
ԵՊՀ ուսանողուհին նշեց, որ իրենց հայտարարությունը հանձնելու են ԱԺ իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորներին:
Ուսանողական մտահոգությունն ամփոփող հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Քանի դեռ առկա չեն հայ-ադրբեջանական սահմանագծման արդյունքները՝ վավերացված միջազգային պայմանագրերով եւ ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված կարգով, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներին սահմանագոտու համապատասխան հատվածներից հետ քաշվելու հրաման տալն ու կատարելը հանցագործություն է՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, համաձայն Քրօր 421-րդ հոդվածի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ