Այսօր Չարենցավանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթից առաջ Բագրատ սրբազանն առաջարկեց Տերունական աղոթքով ճամփա ընկնել. «Այս շարժումը ընդհանրական լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, ինքնամաքրման մասին է, չակնկալիքների մասին է, դրա դիմաց հայրենիք եւ պատիվ ստանալու մասին է, վերականգնվելու, ապաքինվելու, բուժվելու, զորանալու, մեր գլուխները բարձր բռնելու, ճակատներս՝ մաքուր, աչքներս՝ լուսավոր, մեր միտքը՝ մաքրված, մեր ամբողջ ապրումները, զգացումները կուտակված, մղված դեպի սխրանքների, քաջության, հաղթանակների: Սրանով ենք մենք ապրելու, ուրիշ բան չկա մեր մտքի մեջ, ոչ մի սնունդ ու կերակուր, մերը մաքուր հաց է՝ ազնիվ կերպով թոնրում թխված եւ ոչ թե այլ մարգագետիններից հավաքված մոլախոտ, փուշ ու տատասկ: Այդպես ենք ապրելու մենք: Այս երթը թող լինի անմահության երթ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ