Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն հերթական ծրագրերի իրականացման նպատակով

Մայիս 08,2024 14:46

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացնի 1 մլրդ 12 մլն դրամ՝ 16 համայնքների 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել, 2021,  2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի  ծրագրերը:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Արարատի մարզի 1 ծրագրի համար կհատկացվի 55,7 մլն դրամ, Արմավիրի մարզի 3 ծրագրի համար՝ 140 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 5 ծրագրի համար՝ 206 մլն դրամ, Լոռիի 8 ծրագրի համար՝ 322 մլն դրամ, Կոտայքի 1 ծրագրի համար՝ 16 մլն դրամ, Շիրակի 1 ծրագրի համար՝ 119 մլն դրամ, Սյունիքի 2 ծրագրի համար՝ 152 մլն դրամ: «Այս որոշումն էլ կայացնելուց հետո կստացվի, որ արդեն այս տարի 7,7 մլրդ դրամի չափով ՀՀ կառավարությունը համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրերը» ,-ասել է նախարարը:

Մասնավորապես, գումար կհատկացվի  հետևյալ ծրագրերի համար՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բյուրավան, Նշավան բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում,   Արմավիրի մարզի   Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան հատածի, Հ.Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան հատածի հիմնանորոգում, Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան հատվածի հիմնանորոգում, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի կառուցում,  Արմավիր բնակավայրի Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան  հատվածի, Հ. Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան  հատվածի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, Սարդարապատ բնակավայրի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի  Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, Ծովակ բնակավայրի  1 փողոց, 11 փակուղի հասցեի ճանապարհի ասֆալտապատում, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ  փողոցների ասֆալտապատում, Մարտունի համայնքի Գեղհովիտ, Լեռնակերտ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում/վերանորոգում, Երանոս բնակավայրում խմելու նոր  ջրագծի կառուցում,  Զոլաքար բնակավայրում խմելու նոր  ջրագծի կառուցում,  Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում մարզաառողջարանային կենտրոնի կառուցում, Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգում, Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրագծի վերանորոգում , Չկալով բնակավայրի փողոցների սալարկում տուֆով,             Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգում, Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում,  Ալավերդի համայնքի  Ալավերդի, Աքորի,  Հաղպատ բնակավայրերի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ,  Կոտայքի մարզի  Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն բնակավայրի 7-րդ փողոցի 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգում,  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցում,  Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աղիտու  և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում, Կապան համայնքի Կապան բնակավայրի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/83 հասցեում գտնվող ակումբ-գրադարանի  նորոգում:

Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը կնպաստի  ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը

Կառավարությունը հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը  նախատեսվում է իրականացնել ըստ  երեք ենթահատվածների: Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ: Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ. նոյեմբերը:

Բուժաշխատողների համար նախատեսվում է սահմանել պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ

Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առանձին կարևորություն պահանջող, տվյալ ժամանակահատվածի համար արդիական դիտարկվող, առողջապահական կարիքներին համապատասխան դասընթացներին բուժաշխատողների ընդգրկվածություն և մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռք բերում, դրանց զարգացում և ցանկացած իրավիճակում բարձր պատրաստվածության ապահովում։

Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ։ Նշված ՇՄԶ կրեդիտնեը բուժաշխատողները ձեռք են բերում իրենց ցանկությամբ տարբեր ՇՄԶ միջոցառումներին մասնակցելով, գիտական աշխատանքների/աշխատությունների հրատարակման միջոցով, արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների մասնակցության միջոցով և այլն։ Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը մասնակցի։ Սակայն, ներկայումս, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները, անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ։ Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից։  Որպես, օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները։ Պարտադիր համարվող դասընթացների սահմանումը վերապահվել է կառավարությանը, որը, կախված կոնկրետ ժամանակահատվածից և իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ։ Նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակում, այնպես էլ վճարովի հիմունքներով։ Նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և  փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է կառավարությանը։

Վերականգնվել է Աղավնաձորում գտնվող հողամասերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը

Գործադիրն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝  ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել  է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ ս.թ. փետրվարի 9-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Աշոտ Վաղինակի Խաչատրյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի և անվավեր է  ճանաչել 2007 թ. մայիսի 26-ին իրականացված թիվ 4 և թիվ 5 լոտերի աճուրդները և որպես հետևանք անվավեր է ճանաչել  Կոտայքի մարզպետի և Աշոտ  Խաչատրյանի միջև 2007 թ. մայիսի 31-ին կնքված համապատասխան առուվաճառքի պայմանագրերը, նշված գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները: Ըստ այդմ՝ վերականգնել է Կոտայքի մարզ, Աղավնաձոր վարչական շրջանին հարող յուրաքանչյուրը 0.5 հա երկու հողամասերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը: ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ միաժամանակ տեղեկացրել է, որ վճռի հիման վրա  Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնո աղբյուր թաղամասի թիվ 27 և թիվ 28 հողամասերի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Որոշմամբ՝  առաջարկվում է հողամասերն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը 

Կառավարությունը վերաբաշխման միջոցով գումար կհատկացնի  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:  Այն կուղղվի   ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը: 2024 թ. ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների 5,000,000.0 հազար դրամի չափով, իսկ 2025 թ.՝  2,000,000.0 հազար դրամի չափով, որի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվել է 2025-2027թթ. ՄԺԾԾ հայտ: Արդյունքում՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։ Ըստ հիմնավորման՝ պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293  դրամ, որից 2023 թ. 46 կազմակերպության՝ 5,283,234,974 ՀՀ դրամ: Արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:  ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության տրամադրման վերաբերյալ նշված որոշումների ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի  մաքսային և լոգիստիկ կենտրոն

Կառավարության հավանության են արժանացել  Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային և 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկությունները:

Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով: Նախատեսվում է կառուցել վարչական շենք: Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորմամբ, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթեր ընթերցող սարքերով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով, ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սարքավորումներով, բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն: Նման կենտրոնների ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում՝ երկրի ամբողջ տարածքում ունենալու բավարար մաքսային ենթակառուցվածք թե՛ շենքային ու տարածքային պայմանների, թե՛ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և թե՛ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի հասանելիության ու շահագործման հարմարավետության տեսանկյունից։ Այս կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման դեպքերում մաքսային ձևակերպումների հետ կապված ամբողջական գործընթացները իրականացվում են մեկ վայրում՝ հայտարարագրումից մինչև ապրանքների բացթողումը։ Այսպիսով՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնան նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումն ու կիրառումը, ինչը հնարավորություն կստեղծի՝ մեկ էլեկտրոնային հայտի միջոցով իրականացնելու ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհանի» սկզբունքով։ Համակարգի գործարկումը կնպաստի ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների պահպանմանն ուղղված միջոցառումների պարզեցմանը և դրա համար ծախսվող ժամանակահատվածի կտրուկ կրճատմանը: Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա՝ անհրաժեշտ բոլոր գործառնություններն իրականացնելու մեկ վայրում՝ արդյունքում էականորեն նվազեցնելով ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսվող ժամանակը, նվազագույնի կհասցվեն նաև մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ շփումը, կոռուպցիոն ռիսկերը: Ըստ հիմնավորման՝ 2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում` 569,000 տոննա։ Ձևակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ.` 14,300: Նշված բեռները 2022թ․ տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով: Միաժամանակ, կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաև մայրուղու երթևեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա։ Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթևեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հոկտեմբերի 13-ին քաղաք Բիշքեկում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը և այլն: Կենտրոնի հիմնական խնդիրներն են ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի վերհանման և գնահատման համար անհրաժեշտ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ՖՀՄ-ների միջև էլեկտրոնային համագործակցության միասնական չափանիշների մշակումը և ներդրումը, միջազգային համագործակցության ընթացքում տեղեկությունների փոխանակման անվտանգության ապահովումը: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել համաձայնագրում ներկայացված նպատակներով և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի

Կառավարությունն ընդունել է գույքի նվիրաբերությունն ընդունելու վերաբերյալ որոշումներ: Որոշումներից մեկով նախատեսվում է ընդունել  Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Արենի 27-րդ փողոց 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում նոր հանրակրթական դպրոց կառուցելու նպատակով։ Մյուս որոշմամբ էլ նախատեսվում է ընդունել Լոռի մարզի  Ալավերդի գյուղի Հագվի 5-րդ փողոց 19/1  հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը  և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո միայն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հագվու հիմնական դպրոցին: Արդյունքում՝ կընդլայնվի կառուցված նոր մոդուլային դպրոցի սպասարկման տարածքը։

Մեկ այլ որոշմամբ էլ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Տանձու լենջ թաղամաս 3 ճամբար հասցեում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (COAF): Հիմնադրամը ծրագրի համաձայն նախատեսում է վերոնշյալ հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերակառուցել և հիմնել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն, որի արդյունքում կստեղծվեն հասարակական նշանակության կառույցներ, որոնք կծառայեն համայնքում կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) ուղղությունների զարգացմանը, ինչպես նաև՝ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը։ Բազմաթիվ համայնքաբնակ երեխաներ հնարավորություն կունենան ստանալ որակյալ ոչ ֆորմալ կրթություն, իսկ նրանց ընտանիքների անդամները և երիտասարդները՝ ներգրավել տնտեսական, գյուղատնտեսական, սպորտային, ԳՏՃՄ (STEM) միջոցառումներում։ Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի կողմից 5 տարիների ընթացքում կիրականացվի 2,500,000,000  դրամի ներդրում։

Կառավարությունը գումար է հատկացրել «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարման  պատճառների և դրանց վերացման աշխատանքների համար

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի (Կորեայի ձոր) վթարման  պատճառների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների իրականացման հրատապությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ մայրուղային ջրատարը վթարվել է մարտի 10-ին և բնական, որոշ չափով նաև արհեստական ներգործության արդյունքում առաջացել են Հրազդան գետի թաց գոտիների սողանքներ, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են հողածածկույթի, քարաբեկորների և ժայռաբեկորների ծանրության տակ։ Արդյունքում, ջրատարն ամբողջությամբ՝ մոտ 2 մետր խորությամբ հայտնվել է գետի մեջ։ Ջրային կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել առաջացած վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Ելնելով վթարի վտանգավորության աստիճանից (սանիտարա-համաճարակային) և դրա հետևանքները վերացնելու օպերատիվ անհրաժեշտությունից՝ իրականցվել են տեղանքի մաքրման և վթարի հետևանքների վերացման աշխատանքներ։ Որոշմամբ  կհատկացվի 50,600 հազար դրամ:

Կառավարությունը գումար է հատկացրել նաև Երևան քաղաքի Արշակունյաց 4  հասցեում գործող շենքի (Մամուլի տուն) հին վերելակի նորով փոխարինման աշխատանքների իրականացման համար: Ըստ հիմնավորման՝ շենքի  վերելակներից մեկը տեղադրվել է 1982թ-ին։ Վերջին տարիներին վերելակը հաճախ խափանվում է՝ ստեղծելով շենքում տեղակայված բազմաթիվ վարձակալների և նրանց այցելուների կյանքի համար վտանգ: Ուստի, հին վերելակի նորով փոխարինումն անհրաժեշտ է վերջիններիս կյանքի անվտանգության ապահովման և բնականոն աշխատանքի համար: Հին վերելակի նորոգումը պատճառում է ֆինանսական մեծ կորուստներ։ Նոր վերելակի ձեռքբերման համար անհրաժեշտ  է 11,790 հազար դրամ:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների  հաշվարկներում ներառված և փաստացի չծախսված՝ ՀՀ կառավարությունից և (կամ) ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման գումարներից 2,453.47 միլիոն դրամը փոխանցվում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին`ցածր սակագնի պայմաններում մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով: Արդյունքում՝ հնարավոր է զսպել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու գործընթացն արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում ավելի սեղմ ժամկետում կազմակերպել։ Արդյունքում քաղաքացիների համար ժամկետային առումով գործառնությունները  կիրականացվեն ավելի արդյունավետ ու արագ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031