Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անեմ, նստե՞մ բարդ աստվածաբանական բաներ ասեմ՝ ընդհանրապես կախվեն. հոգեւո՛ր իմաստով կախվեն». Բագրատ սրբազանի պատասխանը Փաշինյանին

Մայիս 08,2024 14:16

Այսօր Չարենցավանից մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը՝ դեպի Երեւան: Բագրատ սրբազանը, ողջունելով մասնակիցներին, հետաքրքրվեց, թե Արցախի դրոշն ո՞ւր է:

Հիշեցնենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է:

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ հայկական Արցախի էջը չփակելու համար ի՞նչ պետք է անել՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Պետք է պայքարել: Նախ` պետք է համոզմունք ու հավատ ունենալ եւ երկրորդ՝ պետք է պայքարել: Մեր ամբողջ կյանքը պայքար է»:

Դիտարկմանը՝ այս պայքարը անունների հետ են կապում, ասում են՝ շարժումն առաջնորդում է Գարեգին Բ-ն եւ թիվ մեկ շահառուն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Բագրատ սրբազանը նախ ուղղեց. «Գարեգին Երկրորդ չի նախ, Ամենայն Հայոց Հայրապետ է: Վեհափառ հայրապետը օրհնել է: Հիմա ինչ ուզեն, կասեն: Էս մարդիկ այլեւս սուտ էլ չեն խոսում, ինչ ուզում՝ ասում են: Էս մարդիկ սկսել են ոչ միայն մեզ սուտ խոսել, խաբել ժողովրդին, այլ սկսել են արդեն իրենց խաբել, իրենք իրենց սուտ ասել եւ էդ ստերին հավատալ: Արդեն էդ փուլն ենք հասել: Դա էդ շարքից է, ինչ ուզում՝ ասում են: Ի՞նչը պարզաբանենք, չեղած բաները ո՞նց պարզաբանենք: Ես հո Աստված չե՞մ, որ ոչնչից մարդ ստեղծեմ, ի՞նչ պարզաբանեմ»:

Այն, որ Մայր աթոռի բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ ճնշումներ են բանեցնում, ԱԱԾ են հրավիրում, հնարավո՞ր է ճնշումներով կանգնեցնեն այս շարժումը՝ նա պատասխանեց. «Սովետական շրջանում էլ են ճնշումներ արել, ի՞նչ եղավ Սովետի հետ»:

Բագրատ սրբազանը պատմեց, որ Գարեգին Առաջին վեհափառն է իրեն ձեռնադրել եւ իր հոգեւոր անունը կնքել է 1937-ին՝ Պետական անվտանգության կոմիտեի բանտում գնդակահարված եւ անհայտության մեջ թաղված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի անունով եւ իր եղբոր հոգեւոր անունը՝ Արտակ արքեպիսկոպոս Սմբատյանցի անունով. «Հիմա նույնն է, սովետական շրջանում էլ են նույնը արել: Բայց եկեղեցուն ի՞նչ եղավ, ոչ մի բան: Թվերը մի քիչ նվազեցին, բայց Սովետական միությունը չկա եւ չի էլ լինելու»:

Հարցին՝ Շիրակի թեմի առաջնորդը միացել է շարժմանը, մյուս թեմերի՞ց էլ են միանում՝ Բագրատ սրբազանը պատասխանեց, որ Միքայել սրբազանը առաջին օրից էլ միացել է, մյուսներն էլ, պարզապես ձեւաչափն իրենք են ընտրում:

Երբ լրագրողները փոխանցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությունը, որ Աստվածաշնչից չեն խոսում, քրիստոնեական թեմաներ չեն արծարծում, քաղաքականություն են մտել, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Ի՞նչ անեմ, նստե՞մ բարդ աստվածաբանական բաներ ասեմ՝ ընդհանրապես կախվեն. հոգեւո՛ր իմաստով կախվեն: Երբ որ մարդ ասելիք չունի, ավելի լավ է՝ լուռ մնա, քան թե ինչ-որ բան ասի: Ասում են՝ խոսել չգիտեք, չխոսե՞լ էլ չգիտեք: Ես ինչ մեղք գործել եմ, դրա համար իմ պատասխանը տալու եմ, ոչ մեկը իրենցից իմ դատավորը չի: Ինչ գործեմ, դրա պատասխանը պիտի տամ բաց ձեռքերով, պարզ աչքերով, բաց ճակատով: Իրենք չեն իմ դատավորը եւ որեւէ մեկի դատավորը: Սուրբ գրքից մի բան ասեմ, իրենք դա լավ գիտեն՝ մի՛ դատեք, որ չդատվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031