Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 7-ին հանդիպել է Մալթայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի ու առեւտրի նախարարության գլոբալ հարցերի, միջազգային զարգացման եւ տնտեսական հարցերի գծով գլխավոր տնօրեն Նեւիլ Ակուիլինայի եւ Ավստրիայում Մալթայի դեսպանի հետ:
Ողջունելով հյուրերին` Մարիա Կարապետյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը` ներառյալ ԵԱՀԿ շրջանակում:
Պատգամավորը ներկայացրել է Հայաստանի անվտանգային մարտահրավերները եւ դրանց լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ-ի կողմից աջակցության հնարավոր ճանապարհները, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրին, այդ ուղղությամբ հայկական կողմի քայլերին, ինչպես նաեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին:
Մարիա Կարապետյանը բարձրաձայնել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը:
Կարդացեք նաև
Հայաստանի խորհրդարանականը խոսել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի եւ դրա ընձեռած հնարավորությունների մասին: Մարիա Կարապետյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն հավասարության եւ փոխադարձության, ինչպես նաեւ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների ներքո:
Մալթայի ԱԳՆ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել է Մալթայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունն ինչպես ԵԱՀԿ-ում Մալթայի ընթացող նախագահության ընթացքում, այնպես էլ երկկողմ ձեւաչափով:
ԱԺ