Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին. Միքայել Սրբազան

Մայիս 08,2024 12:12

«Ոչ թե պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, նոր դրան հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն են ուզում դիմացը, պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո նոր պետք է սկսվի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցե քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ իր քաղաքացիներին պատերազմով և ստիպել գծել սահմանները։ Այս իշխանությունը, որը լծվել է չգիտես թե ում ծառայելուն, գնում է հենց այդ ճանապարհով՝ նախ սահմանազատում և սահմանագծում Ադրբեջանի ցանկությամբ, հետո նոր իբրև թե պատերազմի սպառնալիքը հետ մղի և հետո նոր խաղաղության պայմանագիր լինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Գյումրուց սկսվել է «Շիրակը հանուն հայրենիքի» երթը՝ Միքայել Սրբազանի օրհնությամբ ու առաջնորդությամբ:

Սրբազանը մի քանի անգամ շեշտեց, որ սահմանազատման գործընթացը չի կարող սկսել ու ավարտվել պատերազմի շանտաժով:

Միքայել Սրբազանը նաեւ նկատեց, որ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։

Անդրադառնալով քննադատությանը, թե հոգեւորականները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն, Սրբազանը նկատեց, որ քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է պետական կառավարման ֆիգուր լինելու ձգտում չունենալուն. «Մենք չունենք նման ցանկություն, իսկ անտարբերությունը մահացու մեղք է, չենք կարող լինել անտարբեր այն գործընթացներին, որոնք մեծ վտանգ են մեր պետականությանն ու երկրի անվտանգությանը, հետո մեզ կմեղադրեն, չէ՞»:

Նա նկատեց, որ այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից եւ պետք է հասնել նրան, որ ունենանք ազգային, քրիստոնեական, հայկական, արդարության իշխանություն:

«Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին: Մենք ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիպման այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցրել ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031