Փարիզի Մոնմարտր բլուրը համաշխարհային արվեստի թերեւս ամենախիտ կենտրոնն է եղել, որտեղ ապրել եւ գործել են ավելի քան 300 արվեստագետներ՝ նկարիչներ, բանաստեղծներ, երաժիշտներ, պարողներ, երգիչներ…, ոչ միայն իրենց, այլեւ հետագա ժամանակների համար ստեղծագործական ճանապարհ ու նոր ուղիներ կերտող ազատ ու շատ անգամ՝ անզուսպ, ոչ մի օրենքի ու կանոնի մեջ չտեղավորվող, հիմնականում աղքատ, բայց տաղանդավոր, ինչու ոչ՝ հանճարեղ արվեստագետներ, ովքեր մի քանի դար անց, մինչ այսօր էլ, ամենամեծ հեղաշրջումն են իրականացրել համաշխարհային արվեստում։ Որքան էլ հետագայում արվեստագետների կենտրոն-միջավայրը դարձավ Մոնպառնասը, Մոնմարտրը մնաց համաշխարհային արվեստի անգերազանցելի կենտրոն՝ իր շուրջ գործող հայտնի կաֆե-սրճարաններով, պանդոկ-ռեստորաններով, փակ բոհեմական կաբարեներով… Նրանցից հետո նման հավաքատեղիներ տարածվեցին տարբեր երկրներում եւ այդ բոհեմական ու ազատ վայրերը ոչ պաշտոնապես անվանվեցին մոնմարտրներ։
Նման հավաքատեղի կար նաեւ Երեւանի կենտրոնում՝ հենց «Երեւան» հյուրանոցի եւ Նկարիչների միության հատման կետում գտնվող սրճարանը։ Եվ այստեղ էր, որ գինու եւ օղու գավաթների շուրջ մինչեւ ուշ գիշեր զրուցում, բանավիճում ու վիճում էին ազգային ու համաշխարհային արվեստի խնդիրներից, պատմություններից, լսում «փակ» նորություններ իսկական Մոնմարտրի բնակիչ նկարիչների մասին։ Խորհրդային փակ տարիներից մեր հիշողության մեջ է մնացել հանճարեղ մի նկարչի մասին լսածը, թե ինչպես կարճահասակ, անճոռնի մարմին ու ծանր կյանք ունեցող իմպրեսիոնիստ նկարիչը իբր հայտարարել էր՝ ի՞նչ տղամարդ, որն իր կյանքում գոնե հինգ հազար կնոջ հետ չի կենակցել եւ այլն։ Նույնիսկ մեր օրերում դա կարող է անվայելուչ ու չափազանցված թվալ, բայց բոհեմական Մոնմարտրում այն պարզ ապրելակերպ էր։ Թեեւ ֆրանսիացի այդ նկարիչը ծնվել է հարուստ արիստոկրատ ընտանիքում (1864-1901թթ.- Ս. Դ.), նրա կյանքը հեշտ չի եղել, քանի որ պատանեկության տարիներին մի քանի լուրջ «հարվածներ» է ստացել. 12-14 տարեկանում կոտրել է ոտքերը, երկար ժամանակ նորմալ բուժում չի ստացել, ինչը հավանաբար առաջացրել է հազվագյուտ հիվանդություն՝ պիկնոդիզբոստոզ։
Դեռահաս տարիքում նա չի շփվել իր հասակակիցների հետ՝ իրեն նվիրելով բացառապես արվեստին, երիտասարդ տարիքից էլ անպակաս է եղել Փարիզի գիշերային կյանքից. բավական է ասել, որ նա «Մուլեն Ռուժի» առաջին հաճախորդներից էր։ 20 տարեկանում նա արդեն անհույս հարբեցող էր, իսկ ընդամենը երկու տասնամյակ տեւած ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել է ավելի քան 1000 նկար, ավելի քան 5000 գծանկար, մոտ 400 փորագրություն։ Այդ գործերից շատերը պատկերում են ստեղծագործողի գիշերային զբոսանքները եւ, բնականաբար, հասարակաց տների մթնոլորտը։
Իսկ այդ ֆրանսիացու կերպարին ամենաշատն են անդրադարձել արվեստի այլ գործերում՝ ֆիլմեր, գրականություն, միմոդրամաներ։ Իհարկե, պետք էր ենթադրել, որ անպայման կլիներ երաժշտական ներկայացում նույնպես, բայց համացանցում մեր «պեղումները» սպասված արդյունք չտվեցին, ընդամենը յութուբում գտանք մեկ-երկու հատված նրա մասին պատմող մյուզիքլից, որի հեղինակն է հանճարեղ Շառլ Ազնավուրը։
Կարդացեք նաև
Հասկանալի է, որ արդեն գուշակեցիք, թե հանճարեղ որ նկարչի մասին է վերը ասվածը. իհարկե՝ Անրի դը Թուլուզ Լոտրեկի։ Ազնավուրի այս մյուզիքլի մասին մենք առաջին անգամ լսեցինք Երեւանի օպերային թատրոնում, 2023թ. աշնանը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմոյ Աբդուլ Մալակիի այցելության ժամանակ, որի ընթացքում թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը բարձրաստիճան հյուրին հավաստիացրեց, թե 2024թ. մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակի առիթով կբեմադրվի «Լոտրեկ» մյուզիքլը։
Եվ ահա խոստումը իրականություն է դարձել. պրեմիերան նշանակված է մայիսի 24, 25-ին։ Հայտագրից տեղեկանում ենք, որ մյուզիքլը վստահված է ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանին, դիրիժորն է Աթանես Առաքելյանը, երաժշտական ղեկավարը՝ Կարեն Դուրգարյանը, նկարիչն է Ավետիս Բարսեղյանը։ Սպասելի է, որ բեմադրությունը միանշանակ հաջողված կլինի։ Ինչո՞ւ՝ որովհետեւ այն վստահված է համաշխարհային մյուզիքլների գանձարանից մեզ մոտ հաջողությամբ իրականացված բազմաթիվ բեմադրությունների («Փարիզի Աստվածամոր տաճարը», «Կատուներ» եւ այլն) հեղինակ Արմեն Մելիքսեթյանին։ Պրեմիերայից հետո, իհարկե, կանդրադառնանք, հարցազրույց կվարենք ռեժիսորի հետ եւ քանի որ այս մյուզիքլն անհայտ է նույնիսկ մեր արվեստագետներից շատերին, ընդամենը տեղեկացնենք, որ ըստ հավաստի լուրի՝ Մելիքսեթյանն այս գործի մասին տեղեկացել է դեռեւս 2007թ., Ֆրանսիայի Նից քաղաքում, որից հետո մեծ ցանկություն է ունեցել իրականացնել այն։
Փաստորեն, Թուլուզ-Լոտրեկը Փարիզի Մոնմարտրից «հասել» է Երեւանի Մոնմարտր, տասնամյակներ անց էլ՝ Երեւանի օպերային թատրոն:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Անրի դը Թուլուզ-Լոտրեկը։
«Առավոտ» օրաթերթ
08.05.2024