Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ նրանց խոսքերը չեն բավարարում, ինձ պետք են երաշխիքներ. Կիրանցից ամենամոտ սյունը 500 մետրի վրա է». կիրանցեցի. «Հրապարակ»

Մայիս 08,2024 11:44

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ անկախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությունից, մարդկանց ոգեւորությունից, կիրանցեցիները վստահ են` այլեւս իրենց գյուղի համար առաջվա պես լավ չի լինելու` կա՛մ վատ է լինելու, կա՛մ սարսափելի վատ: Գոհարը կարծում է, որ ինքն այս օրերին գյուղին ավելի է պետք, քան մայիսի 9-ին Երեւանում կայանալիք բողոքի ակցիային. «Երեւանում հազարների մեջ մի հոգին բան չի փոխի, իսկ էստեղ` Կիրանցում, մի քանի հարյուրի մեջ մեկը շատ կարեւոր է…»:

– Ի՞նչ իրավիճակ է այս պահին Կիրանցում: Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասաց, որ 90 տոկոսով սահմանազատման աշխատանքներն արված են:

– Ժողովուրդն ինֆորմացիա ստանում է իր տեսածով, մեկը մյուսից լսելով: Կիրանց-Խեյրիմլի հատվածում դրվելու է 11 սյուն: 11-ից 6-ը, եթե չեմ սխալվում, արդեն դրված է: Մնացած սյուներն էլ պետք է դնեն էս քանի օրը: Փաստացի, ճիշտ է ասում, 5 սյուն է մնացել` ամենացավալի սյուները:

– Ադրբեջանցիները փաստացի հասնում են Կիրանց:

– Կիրանցից ամենամոտ սյունը 500 մետրի վրա է:

– Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում հանդիպումից հետո դուրս եկար ու լաց եղար: Ի՞նչ էր ասել, որ այդպես հուզվել էիր:

– Մենք նրա հետ զրուցել ենք 2 ժամ: Առաջին 15 րոպեից հետո արդեն ամեն ինչ պարզ դարձավ: Բայց ենթադրվում էր, որ եթե ինքն է մեզ կանչում, գոնե մի հուսադրող բան պետք է ասի, որ ինչ-որ բան է փոխվել: 15 րոպե անց պարզ դարձավ, որ մեզ կանչել է պարզապես ավելի մանրամասն նույն բանն ասելու: 2 ժամ նստել եմ այդ հանդիպմանը, ուղիղ մեկ ժամը լաց եմ եղել:

– Իսկ Փաշինյանն ինչպե՞ս արձագանքեց քո այդ վիճակին:

– Երկու ժամ նստած եմ եղել, մի ժամը լաց եմ եղել, անգամ անձեռոցիկ չկար, շորերովս եմ արցունքներս սրբել…. ես անգամ նրա աչքերի մեջ չեմ նայել: Ամենասարսափելին այն է, որ էս մարդիկ իմ իրավունքների վրա թքած ունեն, էս մարդկանց չի հետաքրքրում, որ մեր անվտանգությունը մնում է օդից կախ, ոչ մի բան չեն երաշխավորում: Ինձ նրանց խոսքերը չեն բավարարում, ինձ պետք են երաշխիքներ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031