Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցու մոտից այսօր մեկնարկեց «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ. երթը Գյումրիից Աբովյան, այնտեղից Երեւան երթուղով է նախատեսված:
«Մարզավիճակիցս չեմ դժգոհում, անսահման կարող եմ քայլել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Արքեպիսկոպոսը՝ միաժամանակ հայտնելով, որ այլ գործեր ունի ու այս պահին չի կարող հայտնել, թե ինչքան կքայլի քաղաքացիների հետ. «Ես միանալու եմ, որպես առաջնորդ առաջնորդելու եմ: Առջեւում կլինեմ այնքան, ինչքան անհրաժեշտ կլինեմ, դրանից հետո երթը կշարունակվի քահանաների առաջնորդությամբ»:
Անդրադառնալով Փաշինյանի՝ մայիսի 7-ին ասուլիսի ժամանակ անդրադարձին հոգեւորականների առաջնորդությամբ երթին, կարգախոսին, թե հոգին հաղթելու է «դուխին» ու այդ առթիվ արած դիտարկումներին՝ Շիրակի թեմի առաջնորդը նկատեց. «Գրաբարում օգտագործվում էր բացասական իմաստով, այսօր բացասական իմաստով չի կիրառվում, թող բառագիտության մեջ չմտնի ու փորձի մեզ հետ մրցել: Իրեն հուշողները մասնակի են հուշել»:
Սրբազանը նաեւ հույս հայտնեց, որ ոստիկանները կշարունակեն զերծ մնալ հոգեւորականների նկատմամբ ուժ կիրառելուց. «Պիտի հասկանան, որ եկեղեցականները ներկա են, մասնակցում են այս շարժմանը, փառք Աստծո՝ դեռեւս նման միջադեպ չի գրանցվել, որ ոստիկանությունը ուժ կիրառի հոգեւորականների վրա եւ չի էլ կիրառի, եթե այդպես չեղավ, իրենք են խայտառակվելու»:
Կարդացեք նաև
Երթի մասնակիցները ժողովրդին ոտքի կանգնելու կոչերով շարունակում են երթը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ