Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ ասաց, որ հոգեւորականը չպետք է քաղաքական պայքարի մեջ մտնի, եթե կուզեք՝ եկեղեցական գաղափարախոսությունը նույնպես քաղաքականություն է` բարոյականության. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Մայիս 08,2024 11:05

Հարցազրույց քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ

– Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը ստանձնեց Տավուշի Կիրանց գյուղից սկսված շարժման ղեկավարումը, որի նպատակն է՝ հասնել սահմանազատման կասեցման: Քաղաքական ուժերն ակտիվ դերակատարում չեն ստանձնել, թեպետ իշխանական պրոպագանդան առաջ է տանում այն թեզը, թե ստվերային կառավարում են իրականացնում։ Առանց քաղաքական ղեկավարման, գործողությունների հստակ ծրագրի, առանց վարչապետի իրենց թեկնածուի եւ ժամանակավոր կառավարության կազմի հրապարակման, այս շարժումը կարո՞ղ է, ըստ Ձեզ, հաջողության հասնել։

– Ճիշտ ուղի է ընտրված, չէի ասի, որ շարժումը քաղաքական չէ, պարզապես մենք քաղաքականությունն ուրիշ ձեւով ենք հասկանում՝ եթե վարչապետի հրաժարականի պահանջն ակնհայտ ձեւով չի արտահայտվում, ուրեմն քաղաքական չէ։ Մինչդեռ այն քաղաքական է խորքային առումով․ դրված է իրական գործողությունների՝ Հայաստանի փրկության խնդիրը։ Մենք հասկանում ենք՝ չորս գյուղ այսօր է տալիս, չկա որեւէ երաշխիք, որ չորսն էլ 7 օր հետո չի պահանջվելու, եւ այլն։ Այսինքն՝ ամենալուրջ քաղաքական խնդիրն է դրված, որ ոչ թե ով պիտի լինի վարչապետը, այլ լինելո՞ւ է արդյոք Հայաստանը որպես պետություն, անգամ՝ որպես ծայրամաս, վիլայեթ էլ գուցե չլինի, ինչպես Արցախն այսօր չկա։ Ուստի՝ սահմանազատման գործընթացը դադարեցնելու պահանջն ամենախորքային քաղաքական պահանջն է։ Ճիշտ է, որ չեն խորանում՝ ով պետք է լինի վարչապետը եւ այլն, դա, վստահաբար, նսեմացնելու է այս շարժումը, իսկ այսօր խնդիրը դրված է՝ լինելո՞ւ է Հայաստանը եւ ինչպիսի՞ն է լինելու, արդյոք ի վիճակի՞ է շարունակել, որովհետեւ վտանգներ երկու կողմից էլ կան, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը մենք հասկանում ենք, թե ինչի է հանգեցնելու, մյուս կողմից՝ եթե իշխանափոխության հստակ պահանջ ներկայացվի, ապա Փաշինյանը ստեղծել է բոլոր «պատրվակները» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա ագրեսիայի համար, այսինքն՝ նրանք կարող են օգնության գալ Հայաստանի իշխանություններին: Այդ վտանգը կա, որ Փաշինյանի կողմից չմտածված այս գործողությունները կարող են հանգեցնել նոր հարձակման, պետք է զգույշ աշխատել: Գիտեք` 1992 թվականին Ադրբեջանում երբ հակասություններ կային Նախիջեւանի իշխանիկ Հեյդար Ալիեւի ու այն ժամանակվա նախագահ Էլչիբեյի միջեւ, Ալիեւը շատ ջերմ հարաբերություններ ուներ ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հետ եւ ինչ-որ բան էր ծրագրում՝ Էլչիբեյի վարչակարգը տապալելու համար, արդյունքը եղավ Էլչիբեյի տապալումը․․․ Բոլորովին չեմ բացառում, որ այս իրավիճակում էլ կան գաղտնի պայմանավորվածություններ, ենթադրում եմ, չեմ պնդում, որ այս իշխանություններն էլ պետք է ունենան․․․ Այսինքն՝ չափազանց վտանգավոր իրավիճակում դուրս գալ` գուցե արդար, բայց շատ հստակ ձեւակերպումներով, ճիշտ չեմ համարում, դրա համար ընտրվածը թերեւս ամենաօպտիմալ ձեւաչափն է, որը հնարավորություն չի տալիս ո՛չ արտաքին ագրեսիայի համար, ո՛չ էլ ներսում բռնի ճնշումների, ինչպես նաեւ մեկ այլընտրանք էլ կա, որը չպետք է անտեսել, դրանից խուճապային իրավիճակ եւ քաոս կարող է լինել:

– Իշխանության քարոզչական թեզերից մեկն էլ այն է, որ Հայաստանը կրոնապետություն չէ, ու հոգեւորականները չեն կարող քաղաքականությամբ զբաղվել, առավել եւս՝ իշխանություն փոխել։

– Դա շուլերություն է, բառախաղ, տգիտություն։ Եթե հոգեւոր դասն է ներգրավված շարժմանը, դա չի նշանակում, որ կրոնապետություն է: Հիշենք Մարտին Լյութեր Քինգին, ով եկեղեցական էր, բայց նրա ղեկավարած շարժումը մարդու իրավունքների համար էր, ում հետո գնդակահարեցին: Այսինքն՝ պետք է հասկանալ՝ ինչ պահանջներ է դնում, եթե սրբազանը կրոնապետական պահանջ է դնում, որ, ենթադրենք, եպիսկոպոսները պետք է դառնան գլխավոր դատախազ կամ այլ պաշտոնյաներ` կհասկանանք, բայց ի՞նչ է հիմա անում Բագրատ սրբազանը։
Իսկ ո՞վ ասաց, որ հոգեւորականը չպետք է քաղաքական պայքարի մեջ մտնի, եթե կուզեք՝ եկեղեցական գաղափարախոսությունը նույնպես քաղաքականություն է` բարոյականության, ոչ թե աշխարհից դուրս գալու, այլ աշխարհում արժանապատիվ ապրելու եւ համերաշխության։ Եկեղեցին միշտ է ունեցել քաղաքականություն, եւ մենք տեսնում ենք՝ ե՛ւ ուղղափառ եկեղեցին, ե՛ւ կաթոլիկ եկեղեցին, Հռոմի պապը հիմա կիրակի օրերին համաշխարհային մասշտաբով քաղաքական ուղերձներ են հղում, եւ, ինչ է` նրանց պետք է արգելե՞լ։ Այդ պնդումներն անողները տգետ են, հիմա եթե Ռուսաստանում մեկն ասի՝ եկեք մեր զինանշանից հանենք երկգլխանի արծիվը, որովհետեւ ՌԴ-ում չկան երկգլխանի արծիվներ, այդ մարդուն ոչ թե վարչապետ կընտրեն, այլ կուղարկեն հոգեբուժարան, բայց, ցավոք սրտի, Հայաստանում դա անցնում է:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031