Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ կանգառը` կրկին Մոսկվա

Մայիս 08,2024 11:00

Սկիզբը՝ այստեղ:

Պուտինն ու Ալիեւը սպասում են Փաշինյանի վերադարձին` «դաշնակիցների» ակումբում

Նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում, օրերս հայտնեց ՀՀ ԱԳՆ-ն:

Այսպիսով, պաշտոնական Երեւանը համաձայնեց ղազախական առաջարկությանը` հայ-ադրբեջանական հաջորդ բանակցությունների համար օգտվել ղազախական հարթակից:

Մոսկվայի կողմից Արեւմուտքի ջանքերը ինտենսիվորեն քննադատելու եւ Երեւանին տարբեր մեղադրանքներ հնչեցնելու ֆոնին, Փաշինյանը որոշեց մեղմել իրավիճակը` հավասարակշռություն պահպանել, թեեւ հայտարարվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են շփվել առանց միջնորդների:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մայիսի 8-ին, մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության նիստին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինի ու Փաշինյանի երկկողմ հանդիպումն է ծրագրված։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նկատել էր, թե` «շատ հարցեր են կուտակվել քննարկելու համար»։ «Վերջին ժամանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց ձեւով կքննարկվեն ղեկավարների միջեւ: Հենց ինքը՝ Փաշինյանն է ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են մեր երկրների միջեւ շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը»,- ասել էր Ուշակովը։

Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ նա նշել էր, որ Երեւանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, թեեւ դեռեւս դուրս չի եկել կառույցից, սակայն չի մասնակցում կազմակերպության համատեղ վարժանքներին, նաեւ պատրաստվում է ձեռնպահ մնալ կառույցին ֆինանսավորումից։ «Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արեւմուտքի հետ՝ ներառյալ Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակների դիտարկում, եւ ՆԱՏՕ-ի կապերն ակտիվանում են, այսինքն՝ այժմ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են քննարկում», մասնավորեցրել էր նա։ «Մենք շատ ենք կարեւորում այս երկկողմ հանդիպումը, որը կարծում եմ, կօգնի շատ հարցեր վերջնականապես հստակեցնել»,- ընդգծել էր Ուշակովը։

Վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին 2023թ. դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ հանդիպման շրջանակում։ Ռուսաստանի ղեկավարի օգնականն ասել է, որ դրանից հետո գործնականում շփումներ չեն եղել։

Եվրասիական տնտեսական միության նիստը հաջորդում է Պուտինի երդմնակալությանը։ Ի դեպ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի մայիսի 9-ին՝ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին: Ըստ Ռուսաստանի նախագահի օգնականի՝ շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի ղեկավարները։

Մինչ Փաշինյան-Պուտին հանդիպումը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն օրեր առաջ բացատրություն պահանջեց հայ պաշտոնակցից, որը եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը պնդել էր, թե Ռուսաստանը ներխուժել է հարեւան երկրի տարածք՝ Ուկրաինա։ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը», – ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մատվիենկոն պնդել էր, թե այս քայլերով Ալեն Սիմոնյանը հատել է կարմիր գծերը, եւ որ ինքը պատրաստվում է նամակ ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ պարզելու՝ ում անունից են հնչել այդ հայտարարությունները։ «Ցանկանում եմ հարց ուղղել Հայաստանի խորհրդարանը ղեկավարող իմ գործընկերոջն՝ ո՞ւմ անունից է նա նմանատիպ թեմաներ բարձրացրել։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամական կապեր ունի», – ասել էր նա։

Ավելի վաղ, մայիսի վերջին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը մեղադրեց` «մտացածին պատրվակներով Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզմանը» տանելու մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանը չի հիշատակում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Երեւանի շահերը։

Իսկ մեկ ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սրացման պատճառների մասին հայտարարությունը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե` Ադրբեջանի հետ սահմանին սրացումը առավելապես կախված է Ռուսաստանից, քան` Ադրբեջանից։ Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական հնարավոր սրացումը կախված է «միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երեւանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա»։ «Մեծ Բրիտանիան հրավիրված չէ Բրյուսելի հանդիպմանը։ Այս իրադարձության շուրջ կեղծ նարատիվներ են ստեղծվում։ Նշանակում է՝ Ադրբեջանի հետ սրումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան Ադրբեջանից։ Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք հենց սա ենթադրել, ինչը շատ մտահոգիչ է»,- նկատել էր Գրիգորյանը։

Անցյալ ամսվա սկզբին Փաշինյանը ստիպված եղավ արձանագրել, թե` «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»: Կուսակիցների հետ հանդիպմանը Փաշինյանը նշել էր. «Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ «դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք եւ այդ պարտավորությունը չեք կատարել»։ Մենք կարող ենք ցույց տալ եւ ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում եւ ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի՝ դա հարցը չի լուծելու», նշեց նա։

Փաշինյանին որոշակիորեն օգնության հասան նույնիսկ Վաշինգտոնն ու Փարիզը: Երկու շաբաթ առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ուշագրավ դիտարկում արեց, նշելով, թե Վաշինգտոնը չի տեսել մի փաստ, որը ցույց կտար, թե Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը։ Պատելը հավելել էր, որ անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը վառ օրինակ էր, թե Ռուսաստանը որքանով վստահելի դաշնակից կամ գործընկեր է:

Ավելի վաղ, ապրիլի սկզբին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին եւս կասկածի տակ դրեց Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների կատարումը: Եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը` Ռուսաստանն է, Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց դեսպանը: «Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, երբ Հայաստանը օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, եւ Արեւմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում, եւ դա դրական երեւույթ է», – ասել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: Օլիվիե Դըկոտինյին շեշտել էր, որ վերջին տարիներին Հայաստանի դաշնակից Ռուսաստանը օգնության չհասավ Երեւանին, որի հետ նույն ռազմական դաշինքում են, երբ ՀՀ տարածքը երկու անգամ հարձակման ենթարկվեց 2021-2022թթ.` ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող երկրի կողմից: «2023-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020-ից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր տեղում, չմիջամտեց: Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, Ռուսաստանն է, վերջին տարիներին Ռուսաստանն է», – ընդգծել էր նա։

Ինչեւէ, Երեւան-Մոսկվա պաշտոնական մակարդակով հրապարակային փոխադարձ մեղադրանքներն այս փուլում մնացին անցյալում: Հիմա Պուտինն ու Ալիեւը սպասում են Փաշինյանի վերադարձին` «դաշնակիցների» ակումբում:

Ի դեպ, նկատենք, որ Ադրբեջանում վերջին մի քանի շաբաթներին Արեւմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի ուղղությամբ քննադատությունն ու հակաքարոզչությունը գագաթնակետին էին հասել: Առիթը Ադրբեջանի դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցներն էին: Ինչպես հայտնի է, Կոնգրեսում շրջանառության մեջ դրված փաստաթղթի վերջնական տարբերակում անհատական պատժամիջոցներ են սահմանվել 44 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների եւ ուժայինների նկատմամբ։ Վերջին պահին ցանկում նոր գործող անձանց անուններ ավելացվեցին։ Նրանցից մեկն, օրինակ, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւն էր։

Բանաձեւի հեղինակ, ԱՄՆ նախագահ Բայդենի կուսակից կոնգրեսական Դինա Տայտուսի խոսքով՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման եւ ընդդիմության դեմ կիրառվող կոշտ ճնշումների համար։ «Օրենքը (ընդունվելու դեպքում) տարատեսակ պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք ղեկավարել կամ իրականացրել են էթնիկ զտումն Արցախում։ Եկել է ժամանակը ստիպելու նրանց վճարել, պատասխանատվություն կրել նման գործողությունների համար», – նշել էր կոնգրեսականը։

Անցյալ ամսվա վերջին Politico հանդեսը եւս անդրադառնալով ադրբեջանցի չորս տասնյակից ավելի պաշտոնյաների եւ ուժայինների դեմ անհատական պատժամիջոցների նախատեսման թեմային, հայտնելով, որ բանաձեւի հեղինակներն առաջարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների շարունակական խախտումների՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հանցագործությունների համար։ Հավելենք, որ ամերիկահայ կազմակերպությունները, ամերիկացի քաղաքական գործիչներ Բայդենի վարչակազմից պարբերաբար պահանջում են պատժամիջոցներ սահմանել Ալիեւի վարչակազմի դեմ։

Ուշագրավն այն է, որ Արցախի հայաթափումից հետո Արեւմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան արցախցիների վերադարձի հարցն էին պարբերաբար հիշատակում, նույնիսկ խոսում էին համապարփակ խաղաղության հաստատման մասին, որում կներառվեին բոլոր բաց մնացած հարցերը, ի տարբերություն Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների, որոնք Լեռնային Ղարաբաղի թեման փակված էին համարում, ինչպես` Ալիեւը:

Հիմա, Արեւմուտքն էլ, կարծես, տեւական ժամանակ նկատելով ՀՀ իշխանությունների անտարբերությունն Արցախի թեմայի շուրջ, արդեն ողջունում է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` «Խաղաղության խաչմերուկն» ու Ադրբեջանի հետ սկսած գործընթացները, այսպես կոչված՝ սահմանազատումը, որը պարզ չէ` ո՞ր քարտեզների, ո՞ր փաստաթղթերի ու ի՞նչ պայմանավորվածություն-համաձայնությունների հիման է իրագործվում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031